Ծանոթ ու միարժամանակ անհայտ… միանվագ ներարկիչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր ներարկիչները օգտագործվում են ներմաշկային, ներերակային, ենթամաշկային և այլ տեսակի ներարկումների, ինչպես նաև խոռոչների ողողման, ասպիրացիոն հեղուկների արտածծման և սննդանյութերի ներարկման համար: Չնայած այն հանգամանքին, որ ներարկիչի ստեղծման պատմությունը սկսվում է միայն 19-րդ դարի կեսերից, բայց մարդկությունը հնուց օգտագործել է մարմին հեղուկներ ներմուծելու և հեռացնելու ամենատարբեր մեթոդներ:
Օրինակ դեռևս 2,5 հազար տարի առաջ հանրահայտ բժիշկ Հիպոկրատը այդ նպատակով օգտագործել է սնամեջ խողովակ, որի ծայրին ամրացված է խոզի միզապարկ: 17-րդ դարում շատ գիտնականներ և բժիշկներ են ներերակային և ենթամաշկային ներարկումների ու փոխներարկումների փորձարկումներ կատարել օգտագործելով թռչնի փետուրներ: Իսկ ընդհանրապես, մամլիչի՝ այսինքն գլանի և մխոցի, և ասեղի հայտնագործությունը իրականացրել է ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Պասկալը 1648 թվականին: Նրա ստեղծած այդ մեխանիզմը այդպես էլ կոչվում է՝ Պասկալի ներարկիչ: Բայց, ցավոք, այդ ժամանակվա հանրությունը չի գնահատել այդ նորարարությունը՝ և գյուտը մոռացվել է: Միայն 19-րդ դարի կեսերին բժիշկ Ալեքսանդր Վուդը, որպես հիմք վերցնելով Պասկալի ներարկիչը, ստեղծել է ներարկիչ մաշկի տակ դեղեր ներարկելու համար: Հենց նույն ժամանակաշրջանում էլ վիրաբույժ Չարլզ Գաբրիել Պրավազը ստեղծել է չափերով ավելի մեծ նման սարք` վիրահատությունների ժամանակ օգտագործելու նպատակով: Ներարկիչի պատմության մեջ առաջին նման ներարկիչները պատրաստվում էին կաշվից ու ռետինից, իսկ դոզավորման համար նախատեսված անցքեր ունեցող մխոցը՝ մետաղից: Ապակյա, բազմակի անգամներ օգտագործելու համար նախատեսված Luer ներարկիչները հայտնվել են միայն 1894 թվականին: Նրանց ստեղծման հիմքում ընկած էր Ֆուրնյեի ապակու փչման գաղափարը: Այն ժամանակ թողարկվել են 2-ից 100 մլ ծավալներով ներարկիչները, որոնք ունեցել են ներարկիչի ասեղի կոնաձև կապակցում գլանի հետ և պատրաստված են եղել քիմիա-ջերմակայուն դիմացկուն ապակուց, ինչը հնարավորություն է տվել տարբեր մեթոդներով հաջողությամբ մանրէազերծել դրանք: Մեկանգամյա օգտագործման ներարկիչների ստեղծման պատմությունը սկսվել է ամերիկացի Արթուր Սմիթից, որը 1949 թվականին արտոնագրել է առաջին ապակյա մեկանգամյա՝ միանվագ օգտագործման ներարկիչը: Իսկ ընդամենը յոթ տարի անց, Նոր Զելանդացի դեղագործ Քոլին Մարդոքը հորինել է միանվագ օգտագործման պլաստմասսե ներարկիչ: Հետագա տարիներին նա ակտիվորեն իրականացրել է իր գյուտի կատարելագործումը ու արտոնագրմանը, իսկ արդեն 1970-ականներին աշխարհի բոլոր երկրներում Մարդոկը արտոնագիր է ունեցել մեկանգամյա օգտագործման պլաստիկ ներարկիչների համար: Նման ներարկիչների արդյունաբերական արտադրությունը սկսվել է 1961 թվականից: Ներկայումս մինավագ ներարկիչների արտադրությունում երկու ուղղությամբ են նորարարություններ մշակվում: Առաջին ուղղությունը այն է, որ ստեղծվի այնպիսի ներարկիչ, որը սկզբունքորեն անհնար է օգտագործել երկրորդ անգամ, սակայն այդ ուղղությամբ առայժմ հստակ արդյունքներ չկան: Երկրորդ ուղղությունը այն է, որ հնարավորինս նվազեցվի ներարկման ընթացքում ցավի զգացողությունը: Այս ուղղությամբ օրինակ ստեղծվել են այսպես ատամնաձև ասեղներ, որոնք մաշկի հետ ունեն շփման ավելի փոքր մակերես, կամ էլ ստեղծվել են մեխանիզմներ, որոնք մեծ արագությամբ են ասեղները մխրճում մաշկի մեջ, ու նաև փորձարկվում է ներարկումից առաջ ասեղները սառեցնելու մեթոդը և այլն:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը