Ծանոթ ու միարժամանակ անհայտ … էյֆելյան աշտարակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷյֆելյան աշտարակը աշխարհի ամենահայտնի աշտարակն է, որը ստացել է իր անունը ստեղծող Գուստավ Ալեքսանդր Էյֆելի անունից: Այն կառուցվել է 1889 թվականին Փարիզում: Ֆրանսիացիների համար այս աշտարակը դարձել է ազգային խորհրդանիշ: Էյֆելյան աշտարակի ողջ պատմության ընթացքում այն այցելել են մոտ 240 միլիոն մարդ, ինչը նրան դարձնում է առաջատար տուրիստական տեսարժան վայրերի մեջ: Սկզբնապես աշտարակը պլանավորվել էր կառուցել որպես ժամանակավոր շինություն՝ Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի մուտքի կամար, և 20 տարի անց պատրաստվել են այն ապամոնտաժվել, սակայն դրա վրա տեղադրված ռադիո ալեհավաքների առկայությունը որոշիչ դեր է խաղացել աշտարակի ճակատագրում, և այն շարունակում է գոյատևել առ այսօր: Աշտարակի նախագծմանը մասնակցել են ինժեներներ Մորիս Կեկլենը, Էմիլ Նուժիերը, ինչպես նաև ճարտարապետ Ստեֆան Սովրեստը, և հենց նրանց նախագիծն է 700 նախագծերի մրցույթում հաղթող ճանաչվել: Աշտարակի կառուցման ընթացքում օգտագործվել են բազմաթիվ նորամուծություններ և նորարարություններ:
Օրինակ առաջին անգամ իրականացվել են հողի հատկությունների և շերտերի ուսումնասիրություններ, աշտարակի տակ հիմքը կառուցելու համար օգտագործվել են կեսոններ և սեղմված օդ, աշտարակի դիրքը կարգավորելու համար օգտագործվել են 800 տոննա քաշով դամկրատներ, իսկ տեղադրման ընթացքում բարձունքային ամբարձիչներ: Աշտարակի կառուցումը խթանել է նաև նոր սարքավորումների և տեխնոլոգիաների առաջացմանը: Միևնույն ժամանակ Էյֆելյան աշտարակը կառուցվել է մոտ երկու տարի, որից մեկու կես տարին միայն հիմք են գցել, իսկ 8 ամսում հավաքվել է աշտարակը: Աշտարակը բաղկացած է տասնութ հազար մետաղական մասերից, որոնք միանում են միմյանց 2,5 միլիոն պտուտներով:
Աշտարակը հայտնի է նաև նրանով, որ բարձրահարկ կառույցների կառուցման մեջ առաջին անգամ մետաղն է օգտագործվել մեծ քանակությամբ: Աշտարակը աշխարհի ամենաբարձր կառույցն է եղել մինչև 1931 թվականը: Կառույցի ստորին հատվածը ունի կտրտված բուրգի ձև, իսկ հենարանների վանդակավոր կառուցվածքները ձևավորում են չորս մեծ և գեղեցիկ կամար: Աշտարակը ունի մի քանի «հարկեր»՝ հարթակներ: Ամենացածր հարթակը գտնվում է 58, երկրորդը 115, իսկ ամենաբարձրը 300 մետր բարձրության վրա: Ներկայումս Էյֆելյան աշտարակի բարձրությունը հասնում է 326 մետրի: Աշտարակի բարձրությունից բացվում է զբոսաշրջիկների կողմից սիրված տեսարան: Էյֆելյան աշտարակի ստեղծման պահից հետո ավելի քան մեկ դար մարդիկ այն օգտագործել են տարբեր նպատակներով: Այն եղել է աստղադիտարան, ֆիզիկական լաբորատորիա և անլար հեռագիր: Ռադիոյի և հեռուստատեսության առաջացմամբ նրա վրա տեղադրվել են ալեհավաքներ: Աշտարակը պատրաստված է շատ կայուն և կոշտ: Նույնիսկ շատ ուժեղ քամիները թեքում են նրա գագաթը միայն 10-12 սմ-ով, և անգամ 1910 թվականի ջրհեղեղը չի ազդել այդ կառույցի կայունության վրա: 20-րդ դարի վերջին Էյֆելյան աշտարակը հիմնանորոգվել է: Հին մետաղական կոնստրուկցիաները փոխարինվել են նոր, ավելի ամուր և թեթև կոնստրուկցիաներով:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը