Հայաստանի դատավորներն ավելի տղամարդ են, քան Փաշինյանի խամաճիկ դարձած իրավապահները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի դատավորներն ավելի տղամարդ են, քան Փաշինյանի խամաճիկ դարձած իրավապահները։ Նախօրեին հանրությունը ցնցվել էր՝ տեսնելով, թե ինչպես են իրավապահները Գորիսի քաղաքապետարանից ձերբակալում երկու փոխքաղաքապետերի և քաղաքապետարանի երկու աշխատակցուհիների։ Մենուա Հովսեփյանին և երեք կանանց քաղաքապետարանի շենքից հանել էին նվաստացուցիչ կերպով, տեղափոխել Երևան, միջնորդություն ներկայացրել կալանավորելու համար։ Մենուա Հովսեփյանին դատարանը կալանավորեց երկու ամսով, սակայն երեք դատավորներ համարձակություն ունեցան՝ չբավարարելու նախաքննական մարմնի միջնորդությունը և ազատ արձակեցին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանին, Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոփչյանին և Սուսաննա Սարգսյանին, որոնք Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով ազատազրկման վայրում հայտնվելու փոխարեն կարողացան տուն վերադառնալ։
Երեք կանանց նկատմամբ աղաղակող խախտումների փաստն արձանագրեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ ոստիկանները չեն ներկայացել, եղել են դիմակավորված, ագրեսիվ վարք են դրսևորել ձերբակալվածների հանդեպ, կանանց կամքին հակառակ ու արժանապատվությունը ոտնահարող կերպով լուսանկարել և տեսագրել են ձերբակալման գործողությունը։ Կանանց արգելել են փաստաբան հրավիրել, օգտվել զանգի իրավունքից։ Հատկանշական է, որ այս դեպքում ևս մարդու իրավունքների նման աղաղակող խախտումներին չեն անդրադարձել գրանտներից սնվող «իրավապաշտպանները», որոնք նախկին իշխանությունների օրոք նման առիթը բաց չէին թողնի՝ ջարդուփշուր անելու իշխանության ապօրինությունները։ Իսկ փաստն այն է, որ Գորիսում ձերբակալությունները նման հարայ-հրոցով իրականացնելը մեկ նպատակ էր հետապնդում՝ ահաբեկել ընդդիմախոսներին, վախի մթնոլորտ սերմանել՝ Սյունիքի դեմ ադրբեջանական դավադրությունը հնարավորինս անարգել իրականացնելու համար։
Գոռ Մեսրոպյան