Նիկոլ Փաշինյանը մտադիր է մեծացնել իր հարևանների թիվը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԽորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ Կոնդի կառավարական ամառանոցներում բնակվում էին միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Փաշինյանը, սակայն, մտադիր է ավելացնել իր հարևանների թիվը, իսկ բարձրագույն պաշտոնների նշանակված նոր պաշտոնյաները բոլորովին էլ դեմ չեն բնակվել շքեղ ամառանոցներում՝ պետության հաշվին։ Մամուլն արդեն գրել է, որ առաջիկայում Կոնդի ամառանոցներ են տեղափոխվելու ԱԺ նախագահ ընտրված Ալեն Սիմոնյանի ընտանիքը։ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տիրապետման ներքո ութ շքեղ ամառանոցներ կան, սակայն սովորաբար այնտեղ մեկ-երկուսն են զբաղված լինում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այժմ ամառանոց տեղափոխվելու ցանկություն ունեն միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, և ՊՈԱԿ-ը պատրաստվում է վերանորոգել ևս մի քանի առանձնատներ։ 2019թ․ մամուլում մեծ աղմուկ բարձրացրեց տեղեկությունը, թե ամառանոցների վերանորոգման համար 2 միլիոն դոլար գումար են ծախսել։
Մասնավորապես, բացի ամառանոցներում Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի ընտանիքներից, այնտեղ ապրելու հրավեր են ստանալու փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, միգուցե նաև՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Փաշինյանը ցանկանում է կարևորագույն պաշտոններ զբաղեցնողներին իր հարևանությամբ տեղավորել, որպեսզի նրանք իրենց կոմֆորտ և անվտանգ զգան, նաև անհրաժեշտ պահին՝ գիշերվա ցանկացած ժամի վազեն Փաշինյանի մոտ խորհրդակցության։
Մամուլում պարբերաբար սկանդալների մեջ հայտնվող այդ ՊՈԱԿ-ը, նշենք, այս պահին դեռ տնօրեն չունի։ Հեղափոխությունից հետո «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն էր նշանակվել Հակոբ Սիմիդյանը, որը հետո ԱԺ խմբակցության քարտուղար դարձավ, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականն է։ Տևական ժամանակ տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Փաշինյանի մեկ այլ մերձավոր՝ «Հայկական ժամանակ» թերթի աշխատակից Արուսյակ Մանավազյանը, ով ԱԺ պատգամավոր է ընտրել «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակով: Տեսնենք, թե հիմա որ մի մերձավորին Փաշինյանը կնշանակի այդ պաշտոնին։
Նորայր Այվազյան