Ազգային ժողովը վերածվել է խրամատի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի Ազգային ժողովը երեկ անվտանգության աննախադեպ միջոցառումներով մեկնարկեց իր առաջին նիստը։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ավելի շատ էին խորհրդարանի բակում և միջանցքներում, քան հայ-ադրբեջանական սահմանին։ Տպավորություն էր, թե իշխանությունը վախեցած է ընդդիմության ներկայությունից, նաև փորձում էր վախի մթնոլորտ սերմանել թե՛ ընդդիմադիր գործընկերների, թե՛ ԱԺ աշխատանքները լուսաբանող լրագրողների շրջանում։ Իշխանությունը նաև հնարավոր բոլոր միջոցներով խոչընդոտում էր լրագրողների աշխատանքը, կանխում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և լրագրողների շփումները։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, փաստենք, այլևս կորցրել է կապը հանրության հետ, վախեր ունի այդ հանրությունից, փորձում է սեփական ժողովրդից զատվել զինված ԱԱԾ-ականների և արգելափակոցների միջոցով։
«Քաղաքացիական պայմանագիրը» նաև երկրորդ փորձից կարողացավ ԱԺ նախագահ ընտրել։ Առաջին փորձը ձախողվել էր, քանի որ քվեաթերթիկում ընդդիմադիր թեկնածուի անունը չէին կարողացել առանց տառասխալի գրել։ Ի վերջո, հաջողվեց Ալեն Սիմոնյանին խորհրդարանի նախագահ ընտրել։ Ի դեպ, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ նախագահի քվեարկության և ընտրության գործընթացը վիճարկելու են Սահմանադրական դատարանում՝ հաշվի առնելով, որ քվեարկությունը կատարվել է առանց երկու թեկնածուների մասնակցության։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեցին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Վերջինս շեշտեց՝ քանի որ գործընթաց տեղի է ունեցել Սահմանադրության խախտմամբ, իրենց խմբակցությունը նույնպես այդ գործընթացի սահմանադրականությունը վիճարկելու է ՍԴ-ում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ նշել է, թե երեկվա տեղի ունեցածը Սահմանադրության 94-րդ և 104-րդ հոդվածների ընթացակարգային բնույթի խախտումներ է ենթադրել։
Զավեն Համբարյան