«Պատիվ ունեմ» դաշինքի առաջարկը․ ստեղծել Արցախի հարցերով հանձնաժողով
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքն առաջարկում է խորհրդարանի մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։ Դաշինքի խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտնել է, թե դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նման նախաձեռնությամբ և լրացուցիչ հիմնավորումներով։ Նա այս առաջարկը հիմնավորել է հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրներով և մարտահրավերներով՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական։ Ողջունելի առաջարկ է։ Այդ հանձնաժողովում կարելի է ընդգրկել ամենապատրաստված պատգամավորներին, եթե այդպիսիք կան, որոնք կմշակեն Արցախին աջակցելու միջոցները՝ անվտանգային, սոցիալական, տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, մշակութային բաղադրիչներով։
Հանձնաժողովը նաև կարող է ակտիվ աշխատել Արցախի իշխանությունների և ընդդիմադիր ուժերի, տեղական կառույցների հետ՝ պատերազմում ծանր վնասներ կրած արցախցու ուժերը վերականգնելու, Արցախին նոր շունչ հաղորդելու համար։ Առաջարկի ընդդիմախոսները կարող են նշել, թե եղած հանձնաժողովները բավարար են Արցախին անհրաժեշտ աջակցությամբ ապահովելու համար։ Հայաստանի Ազգային ժողովը 11 մշտական հանձնաժողովներ ունի, որոնց մի մասը, ըստ էության, ոչնչով զբաղված չէ։ Իսկ Արցախյան հարցը այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրն է։ Եվ Արցախի հարցերով մշտական հանձնաժողովը ի վիճակի կլինի համակարգել գործողությունները բոլոր ուղղություններով։ Արցախի շուրջ ստղծված իրավիճակը ոչ ստանդարտ լուծումներ է պահանջում, և «Պատիվ ունեմ» դաշինքի առաջարկը հենց այդպիսի լուծումներից մեկը կարող է լինել։ Դա նաև ազդակ է արցախցու համար, որ Հայաստանի իշխանությունն իրեն միայնակ չի թողել թշնամուն դեմ-հանդիման։
Վահագն Վանյան