Ընդունելության համակարգը մեզ մոտ ճգնաժամ է ապրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«2021 թ. ընդունելության քննությունները տարբերվեցին թե 2019 և թե 2020 թվականների քննություններից: 2019 թ. քննություններն անցել են իրենց բնականոն հունով, 2020թ․ դիմորդները հանձնել են ընդամենը մեկ քննություն, իսկ 2021թ. առավելագույնը երկու ընդունելության քննություն: Դա ասացի նրա համար, որպեսզի չհամեմատենք 2019, 2020 և 2021 թվականները»,- հուլիսի 19-ին ասուլիսի ժամանակ հայտնել էր Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
Նա նշել էր, որ բուհերին 1800 անվճար տեղ է հատկացվել, իսկ վճարովի տեղերը 21․800 են եղել: ԳԹԿ-ում միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 11․058 դիմորդ, ընդունվածների թիվը 8083 է: Անդրադառնալով թափուր մնացած տեղերին՝ ԳԹԿ փոխտնօրենն ասել է. «Բացի պետական բուհերից, ընդգրկված են նաև ոչ պետական բուհերը: Մոտավորապես 15000 թափուր տեղ դեռևս ունենք»:
Այս թեմայով զրուցել ենք կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։
Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ թափուր տեղերը շատ են` փորձագետը պատասխանել է․ «Ընդունելության համակարգը մեզ մոտ ճգնաժամ է ապրում: ԽՍՀՄ տարիներին ինչպես գործել է, այնպես էլ շարունակում է գործել, մինչդեռ մենք վաղուց հրաժեշտ ենք տվել պլանային տնտեսությանը և անհնար է պետության կողմից պլանավորել, թե որ մասնագիտությամբ, որ գյուղում թափուր տեղ լինի: Հայեցակարգային մոտեցումները պետք է փոխվեն: Թափուր տեղերն ակնհայտ են մեր մարզային բուհերում: Նույնիսկ մարզերի դպրոցների լավագույն շրջանավարտներն ավարտելով ձգտում են քաղաքներում, հատկապես՝ Երևանում, ստանալ բարձրագույն կրթություն և դա հանգեցնում է մարզերի դատարկվելուն: Իսկ պետությունն այս առումով որևէ գործ չի անում, այնինչ այս ոլորտում պետական քաղաքականություն պետք է վարել, իսկ դա նշանակում է, որ պետությունը պետք է խրախուսի, 100 տոկոսով փոխհատուցի որոշակի բուհերի որոշակի մասնագիտությունների գծով ուսանողների վարձավճարները ու այդ ժամանակ մարդիկ կդիմեն ու կմնան մարզերում»։
Սոնա Գիշյան