Ալիևը ամեն ինչ անում է, որ տարածաշրջանային կայունությունը չլինի և փորձում է դրա բեռը դնել Հայաստանի վրա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը վերջին հայտարարությունների ժամանակ խոսեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման, կոմունիկացիաների բացման մասին և դրան էլ հաջորդեց նրա սպառնալից հայտարարությունները:
Այս մասին զրուցել ենք ադրբեջանագետ, ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։ Հարցին, թե ինչով է բացատրվում Ալիևի պահվածքը ադրբեջանագետը պատասխանել է․ «Երբ Ալիևը խոսում է կոմունիկացիաներ բացելու կամ տարածաշրջանային կայունության մասին, ըստ էության, իր հայտարարություններով ցույց է տալիս, որ իր ցանկությունը դա չէ, իր ցանկությունը տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը չէ ամենևին, այլ՝ որոշակի առումով Ադրբեջանի դոմինանտությունը տարածաշրջանում, Հայաստանը շրջափակման մեջ պահելու շարունակական քաղաքականությունը, իսկ այդ շրջափակումից դուրս գալու պարագայում էլ՝ Հայաստանն Ադրբեջանից կախվածության մեջ դնելը: Խաղաղության պայմանագիր կնքելու համար էլ Ադրբեջանը Հայաստանի առաջ այնպիսի պայմաններ է դնում, որոնք Հայաստանը բնականաբար չի կատարելու, ինչը ցույց է տալիս, որ Իլհամ Ալիևն ամենևին էլ շահագրգռված չէ տարածաշրջանային կայունության հարցում։ Ճիշտ հակառակը՝ ամեն ինչ անում է, որպեսզի այդ կայունությունը չլինի, և փորձում է դրա բեռը դնել Հայաստանի վրա»։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք սահմանային վերջին լարվածությունն էլ պայմանավորված է Ալիևի այդ մտադրությամբ Տարոն Հովհաննիսյանը պատասխանել է․ «Այո՛, դրանք ցույց են տալիս, որ Ադրբեջանի քաղաքականությունն այդպիսին է, նրանք անընդհատ շարունակելու են լարել իրավիճակը, որովհետև իրենց ձեռնտու չէ իրավիճակի դեէսկալացիան, և բոլոր մակարդակներում՝ թե՛ հայտարարությունների, թե՛ գործողությունների, դա են ցույց տալու»։
Սոնա Գիշյան