Գերմանիայում մահացածների թիվն աճում է, հեղեղվել են փողոցներն ու տները (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի արևմուտքում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 80-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին։
Կոբլենց քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ 50 հոգի մահացել են Ռեյնլանդ Պֆալցում, 30-ը՝ Հյուսիսային Ռեյն–Վեստֆալիայում: Նրա խոսքով` մահացածների թիվը կարող է ավելանալ։
Ավելի վաղ Արվայլեր շրջանի իշխանությունները հայտարարել էին, որ անհետ կորել է մոտ 1,3 հազար մարդ:
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ Գերմանիայում շարունակվում են անձրևները, որոնք պայմանավորված են «Բերնդ» ցիկլոնով։ Տարերքը հիմնականում հարված է հասցրել արևմտյան և հարավարևմտյան շրջաններին, որտեղ գետերը, այդ թվում՝ Ռեյնը, դուրս են եկել ափերից ու լցվել փողոցները:
Որոշ բնակավայրերի հնարավոր չէ մոտենալ հեղեղված ճանապարհների ու ավերված կամուրջների պատճառով։
Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի հինգ շրջանների բնակիչներին տարհանում են, քանի որ ամբարտակի փլուզման վտանգ է առաջացել: Գետի հեղեղումից հետո Տրիր քաղաքից դուրս է բերվել մոտ 350 մարդ։ Ռեյն Էրֆթ շրջանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։
Կադրերում երևում են հեղեղված փողոցներն ու տները, տապալված ծառերը, վնասված մեքենաները։ Որտեղ ջուրը հետ է քաշվել, բնակիչները փորձում են մաքրել իրենց տներում կուտակված կեղտը։