Ծանոթ ու միարժամանակ անհայտ … թղթախաղ Պրեֆերանս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊրեֆերանսը կոմերցիոն թղթախաղի տեսակ է: Անունը գալիս է ֆրանսիական «preference» բառից, որը թարգմանվում է որպես «նախապատվություն, առավելություն»: Պրեֆերանս տերմինն օգտագործվել է նաև նախկինում, միայն թե այն օգտագործվել է թղթախաղերում հաղթաթուղթը նշելու համար: Պրեֆերանս խաղում են միայն փողով, բայց ի տարբերություն խաղամոլության, որտեղ բախտն է շահելու հիմնական գործոնը, այստեղ առավելություն է տալիս խաղացողի մարտավարությանը և հմտությանը:
Պրեֆերանս թղթախաղի առաջացման պատմության մի քանի տարբերակ կա: Առաջինը խոսում է ֆրանսիական արմատների մասին: Իսկ երկրորդը այն մասին, որ խաղը հորինել են Ռուսաստանում, իսկ անվան մեջ ֆրանսերեն բառը ցույց է տալիս, որ այդ ժամանակաշրջանի ազնվականները հավասարապես տիրապետել են ինչպես ռուսերենին, այնպես էլ ֆրանսերենին: Այսպես թե այնպես, Պրեֆերանսը Ռուսաստանում հայտնվել է 19-րդ դարում: Այդ ժամանակ ամենատարածված թղթախաղերն էին Մեդիատորը, Լոմբերը և Վիստը: Վերջինն էլ հենց հանդիսանում է Պրեֆերանսի նախատիպը: Պրեֆերանսը հմայել է բարձր դասի հասարակությանը: Այն ժամանակվա հայտնի գրողները սիրել են դրանից խաղալ. Տոլստոյ, Դոստոևսկի և այլն: Խորհրդային տարիներին այն խաղացել են բազմաթիվ հանրահայտ արվեստագետներ. Տ. Պելցերը, Օ. Արոսևան, Վ. Տոկարսկայան, Ա. Ջիգարխանյան, Ա. Արկանով, Լ. Յակուբովիչ, Գ. Արբատով և այլն:
1843 թվականին Ա. Կուլչիցկին հրատարակել է Պրեֆերանսի մասին առաջին գիրքը: Նա նկարագրել է խաղի կանոնները և այն վարելու մարտավարության առանձնահատկությունները: Հեղինակը ընթերցողների հետ կիսվել է նաև խաղի որոշ գաղտնիքներով: Հետագայում տպագրվել են մի քանի այլ գրքեր: Խորհրդային տարիներին դրանք պահվել են Հատուկ պահեստի բաժինների արխիվներում:
Բոլոր ժամանակներում Պրեֆերանսը եղել է ուսանողների սիրված խաղը: ԽՍՀՄ-ում, փողով թղթախաղ խաղալու համար անգամ կարող էին հեռացնել ուսումնական հաստատությունից, բայց չնայած նման արգելքներին ուսանողները շատ են սիրել խաղալ այդ խաղը և խաղացել են:
1996 թվականին հաստատվել է պրեֆերանսի օրենսգիրքը: Այն նկարագրել է խաղի ընդհանուր կանոնները, հիմնական սկզբունքները և արդյունքների հաշվարկման կանոնները:
Համակարգիչների և համացանցի հայտնվելով Պրեֆերանսը ստացել է զարգացման նոր փուլ: Այն իր արժանի տեղն է գրավել առցանց թղթախաղերի շարքում: Առցանց խաղատներում կարելի է մրցել մրցակիցների հետ աշխարհի ցանկացած կետից: Սկսած 2000 թվականից պարբերաբար անց են կացվում Պրեֆերանսի թիմային մրցումներ: 2010 թվականին կայացել է առաջին համացանցային Պրեֆերանսի միջազգային առաջնությունը, որին մասնակցել են 600 մարդ աշխարհի 25 երկրներից:
Գոյություն ունեն Պրեֆերանսի շատ տեսակներ: Դրանցից ոմանք հայտնի են միայն նեղ շրջանակներում: Ամենատարածվածներն են «Ռոստով», «Դասական», «Լենինգրադ», «Ձիարշավ» և «Սոչինկա» տարատեսակները:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը