Հայաստանի սահմանների անվտանգության վերաբերյալ բոլոր հարցերն էլ զգայուն են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրության արդյունքների հետ կապված․ «ցանկանում եմ արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Կարծում եմ` դա կարևոր է բոլորի, առաջին հերթին՝ Հայաստանի, հայ ժողովրդի համար` նկատի ունենալով այն, որ նման դժվար, սուր հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատանքի հնարավորության դեպքում, ինչի համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է:»։
Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։
Հարցին, թե ինչ է նշանակում դժվար ու սուր հարցեր` քաղաքագետը պատասխանել է․ «Պարզ է, որ հանդիպման ընթացքում առաջնահերթ խոսել են Հայաստանի սահմանների անվտանգության խնդրի մասին, որը մինչ օրս բաց է մնում՝ պայմանավորված մեր սուվերեն տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմամբ, այդ համատեքստում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ընդունված երկու համատեղ հայտարարությունների բոլոր կետերի անշեղորեն կատարումը: «Դժվար, սուր, զգայուն» հարցեր ասելով՝ չգիտեմ ինչ նկատի ունի, բայց Հայաստանի սահմանների անվտանգության վերաբերյալ բոլոր հարցերն էլ զգայուն են, շատ զգայուն հարց է նաև Հայաստանի սուվերենությունը, և ես հիմքեր չեմ տեսնում, թե ինչից ելնելով պետք է Հայաստանը ինչ-որ անհասկանալի միջանցք տրամադրի չգիտեմ՝ ում իր սուվերենության հաշվին»։
Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանի սուվերենության այսօր սպառնացող վտանգ կա՞`Ռուբեն Մեհրաբյանը պատասխանել է․ «Իհարկե, ռիսկի տակ դրված է, որովհետև գաղտնիք չէ՝ Ռուսաստանը ձգտում է հետխորհրդային տարածքում գոյություն ունեցող սուբյեկտների սուվերենությունը սահմանափակել՝ հօգուտ իրեն: Հետևապես այդ սպառնալիքը կա՝ սկսած Պուտինի 2007 թվականի մյունխենյան ճառից: Բացի դրանից, տեսնում ենք հետևողական քաղաքականություն՝ ուղղված սուվերենության սահմանափակմանը»։
Սոնա Գիշյան