Սահմանադրական դատարանը հակված չէ արդար որոշում կայացնելու
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի Սահմանադրական դատարանում երեկ մեկնարկեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումների քննությունը։ Լսումներն ընթանում են դռնբաց, և առաջին օրվա տպավորությամբ Սահմանադրական դատարանին բուռն քննարկումներ են սպասվում։ Դատարանն, օրինակ, մերժել է նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը։ Մերժվել են նաև առանձին դատավորներին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները։
Չորս քաղաքական ուժերի դիմումները ՍԴ-ն քննարկում է ամբողջ կազմով, թեև ՍԴ առանձին անդամներ, նաև «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները պնդում էին, որ Փաշինյանի մերձավոր Վահե Գրիգորյանը իրավունք չունի մասնակցել գործի քննությանը, քանի որ մեկ այլ գործով դատավարական հակառակորդ է եղել Ռոբերտ Քոչարյանի և դաշինքի այլ ներկայացուցիչների դեմ։ Փաստորեն իշխանությունը լիակատար վստահություն չունի իր մյուս նշանակյալների նկատմամբ՝ հաշվի առնելով Մարտի 1-ի գործով նախկինում կայացրած վճիռը, և այս անգամ որոշել է օրենքի տառի «քմահաճույքին» չթողնել գործի քննությունը։ Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաջողվել է որոշակի ճնշումների ենթարկել ՍԴ անդամներին և ահաբեկումների միջոցով ձեռնտու որոշում ակնկալել։
Հիշեցնենք՝ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները: Դատական նիստը մեկնարկել է երեկ՝ հուլիսի 9-ին: Որպես պատասխանող կողմ՝ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ Դատախազությունը, Ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեփական դիմումի հիման վրա ներգրավվել է որպես երրորդ անձ:
Նորայր Կարապետյան