Գրասենյակը մեռավ․ Փաշինյանի քաղաքական խորհուրդը ապագա չունի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԽորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք սկսեց ԱԺ չանցած ուժերի ղեկավարների հետ, շատերն էլ հրաժարվեցին սեղմել Փաշինյանի ձեռքը։ Այդ հանդիպումներից հետո ազդարարվեց, թե Փաշինյանը ցանկանում է նոր ձևաչափ՝ քաղաքական խորհուրդ ստեղծել, որում կընդգրկի արտախորհրդարանական ուժերին, կլսի նրանց մտահոգությունները, կքննարկեն երկրի համար կարևոր զարգացումները։ Սակայն, ինչպես բազմաթիվ այլ ձեռնարկների դեպքում, Փաշինյանի այս մի նախաձեռնությանն էլ վիճակված էր մեռնել՝ չծնված։
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանի այս մտահղացումը ևս մոտ է ձախողման. «քաղաքական խորհրդի» ձևավորումը, կարծես, ոչ մի կերպ չի հաջողվում: Բանն այն է, որ այն քաղաքական ուժերը, որոնք հակված չեն որևէ ձևով աշխատել այս իշխանությունների հետ, բնականաբար, բացարձակ ցանկություն չունեն վարկաբեկվել, փչացնել իրենց անունը՝ ներգրավվելով թեկուզ խորհրդատվական բնույթ ունեցող մի կառույցում, որը կապված է Նիկոլ Փաշինյանի անվան հետ: Իսկ Փաշինյանի սատելիտ ուժերն ավելի ագահ դուրս եկան, քան նրանից ակնկալում էր Փաշինյանը։ Ձևական և որևէ պրակտիկ նշանակություն չունեցող խորհրդում ընդգրկվելու, Փաշինյանի օգտին ձրի բանելու փոխարեն նախընտրում են «քեշը»։ Իշխանության կադրային սովի պայմաններում այդ «ընդդիմադիր» ուժերը ցանկանում են պաշտոններ ձեռք գցել, ռոճիկ ու «պադավատ» ունենալ, մսխել պետական փողերը, քան ամիսը մեկ-երկու անգամ անիմաստ քննարկումների մասնակցել, որտեղ միակ «քյարը» անվճար սուրճն էր լինելու։ Ողջամիտ մոտեցում է, ինչ խոսք։
Նորայր Մելքոնյան