Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ կոկտեյլ «Մոխիտո»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոկտեյլների հանրահայտ առաջատար մոխիտոն շատերի սիրված ըմպելիքն է, քանի որ այն ունի հատուկ թարմացնող և անսովոր համ: Այն հատկապես տարածված է ակումբներում, սրճարաններում և ռեստորաններում կամ պարզապես շոգ եղանակին և լինում է ալկոհոլային և ոչ ալկոհոլային, ելակի, խնձորի, նռան կամ մոշի համով: Բոլոր նրանք, ովքեր մեկ անգամ փորձել են այն, անպայման կփորձեն կրկին ու կրկին:
Մոխիտոյի պատմությունը սկսվել է 1940-ականների կեսերից Կուբայում: Bodeguita del Medio կոչվող Հավանայի սրճարանում են այն սկսել պատրաստել և մատուցել այցելուներին: Այդ ռեստորանը տեղակայված էր Կալե Էմպերադո տաճարի հարևանությամբ, որը տեղական տեսարժան վայր էր, հատկապես ժողովրդականություն վայելող բարձր դասի շրջանում: Այդ ժամանակ Կուբան դեռ երկնային դրախտ էր, և այնտեղ հատկապես սիրում էին հանգստանալ ամերիկացիները: Հենց ամերիկացի բնակիչներն են դեր խաղացել մոխիտոյի պատմության մեջ տարածելով այն ամբողջ երկրագնդով: Լուրեր են շրջանառվում, որ այդ մարդկանցից մեկը եղել է հենց ինքը՝ Էռնեստ Հեմինգուեյը: Եվ մարդիկ իրենց կուռքի նման փորձել են այդ կոկտեյլը, և հետո իրենք էլ են կախվածություն ստացել մոխիտոյից: Ներկայումս արդեն երկար ժամանակ է, որ Մոխիտո կոկտեյլը ներառված է բազմաթիվ ռեստորաններ և սրճարանների ստանդարտ ճաշացանկում ոչ միայն Կուբայի սահմաններում, այլ նաև նրա սահմաններից շատ հեռու, գրեթե աշխարհի բոլոր երկրներում:
Ավանդական մոխիտոն հիմնված է հիմնական հինգ բաղադրիչների վրա: Ռոմն օգտագործվում է որպես ալկոհոլային բաղադրիչ: Հատուկ մեղմ հաճելի համ տալու համար ռոմին ավելացվում է սոդաջուր, շատ անանուխ, շաքար և վերջնական շտրիխն է լայմը: Բացի այդ, սառույցի խորանարդներ են ավելացվում խմիչքը զովացնելու համար: Այս բոլոր համային նոտաները խառնելու արդյունքում էլ ստացվում է շատ սիրված Մոխիտո կոկտեյլը:
Մարդկանց համար, ովքեր ալկոհոլ չեն օգտագործում, կա հատուկ տեսակի ըմպելիք` ոչ ալկոհոլային Մոխիտո: Այն ըմպում են շոգ եղանակին և հարմար է նույնիսկ երեխաների համար: Ռոմն այս դեպքում փոխարինվում է եղեգնաշաքարի լուծույթով, լայմն ու անանուխը ավանդաբար մնում են:
Գոյություն ունի «Մոխիտո» անվանման ծագման երկու տարբերակ: Առաջինը ենթադրում է, որ այն առաջացել է իսպանական Mojo-ից (մոխո), միայն փոքրացված տեսքով, որը թարգմանաբար նշանակում է «սոուս»: Դա պայմանավորված է նրանով, որ արտաքինից կոկտեյլը կարծես դասական լատինամերիկյան սոուս լինի, որը բաղկացած է ոչ թե լոլիկի և պղպեղի սովորական սոուսից, այլ բուսական յուղից, խոտաբույսերից և ցիտրուսային մրգերից: Ըստ երկրորդ տարբերակի` անվանումը գալիս է իսպանական Mojadito-ից (մոխիդիտո), որը թարգմանվում է որպես «շատ խոնավ»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը