Պուտինի ապտակը Նիկոլ Փաշինյանին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, «Ուղիղ գիծ» ձևաչափով պատասխանելով Դաշնության բնակիչների հարցերին, մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Պուտինն ասել է, որ Ռուսաստանը որոշիչ դեր է կատարել այդ շատ լուրջ ճգնաժամի կարգավորման գործում: Նրա խոսքով՝ ոչ ոք՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ առավել ևս Լեռնային Ղարաբաղի բնակիչները հետաքրքրված չեն այդ հակամարտության շարունակմամբ: Առավել ուշագրավ է սահմանային հարցերի վերաբերյալ ՌԴ նախագահի արձագանքը։
«Այո, շատ հարցեր են կուտակվել, կան ենթակառուցվածքների վերականգնման խնդիրներ, կան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված հարցեր, հատկապես այնտեղ, որտեղ պետական սահմաններ երբեք չեն եղել, և եղել է միայն վարչական բաժանում խորհրդային հանրապետությունների միջև»,- նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահը:
Նրա այս արտահայտությունը ոչ այլ ինչ է, քան ապտակ Նիկոլ Փաշինյանին։ Ըստ էության, հայտարարելով, որ որոշ տեղերում պետական սահմաններ երբեք չեն եղել՝ Պուտինը հրաժարվում է նախկին ԽՍՀՄ ամրագրած քարտեզներից և սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետությանը միայնակ է թողնում Ադրբեջանի դեմ։ Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հազարի չափ ադրբեջանցի զինված հրոսակներ արդեն երկու ամիս գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, ՀՀ իշխանությունները ծպտուն անգամ չեն կարողանում հանել և մնացել են միայն ռուսների ողորմածությանը, կարելի է պարզ արձանագրել, որ նույնիսկ Ռուսաստանը չի ցանկանում այդ հարցում աջակցել Նիկոլ Փաշինյանին։ Ռուսաստանն այս պատերազմում արեց իր պլան-մինիմումը։ Ուրիշի ձեռքով ռազմակայան տեղակայեց Արցախի փոքրացած տարածքում՝ այն իր պոլիգոնը դարձնելով, այժմ էլ գրեթե առանց ջանք թափելու առնվազն մեկ նոր ռազմակայան է մտադիր տեղակայել ՀՀ տարածքում։ Եվ մի քանի կիլոմետր այս կողմ-այն կողմը Ռուսաստանի համար էական չէ։ Միևնույն է՝ ռուս զինվորականները անվտանգության խնդիրներ չեն ունենալու, ի տարբերություն սահմանամերձ դարձած հայկական բնակավայրերի բնակիչների։ Բարդ է ասել, թե որքան կտևի Հայաստանի իշխանությունների նվաստացումը։ Մի բան հստակ է՝ ՀՀ-ն միայնակ է մնացել իր խնդիրների հետ, և փոխանակ լուծի դրանք, նոր խնդիրներ է ավելացրել Նիկոլ Փաշինյանի վերընտրությամբ։
Տիգրան Մանուկյան