ՔՊ-ն խորհրդարանում հնարավորություն չի ունենալու, օրինակ Սահմանադրություն փոխել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները․ ԱԺ-ում կլինի 107 պատգամավոր։ Մանդատները բաշխվել են հետևյալ կերպ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 71, որոնցից 3-ը՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, «Հայաստան» դաշինք՝ 29, որոնցից 1-ը՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 7 մանդատ։
Այս թեմայով զրուցել ենք սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ։
Հարցին, թե արդյոք ընտրական օրենսգիրքը չի պահանջում, որ մեծամասնությունը 2/3 ունենա և ինչ հնարավորություններ ունեն ՔՊ-ն 71 մանդատով` Վարդան Պողոսյանը պատասխանել է․ «Ընտրական օրենսգիրքը չի պահանջում, որ մեծամասնությունը 2/3-րդ ունենա․ մեծամասնությունը կարող է 2/3-րդ ունենալ, եթե պառլամենտի մանդատների թիվն այնպիսին է, որ կարող է հավասար բաժանվել՝ մի կողմից՝ երկու երրորդի, մյուս կողմից՝ մեկ երրորդի։ Ընտրական օրենսգրքի պահանջն է, որ ընդդիմությունն առնվազն 1/3-րդ ունենա․ առնվազն մեկ երրորդը նշանակում է՝ առնվազն հավասար, առնվազն հավասարը նշանակում է՝ հավասար կամ մի փոքր ավելին։ Այդ առումով 107 մանդատների մեջ փոքրամասնությունն ունի մեկ երրորդից ավել մանդատ։ ՔՊ-ի ստացած 71 մանդատները չեն կազմում ԱԺ-ի 2/3-ը, ինչից էլ բխում է, որ այս կուսակցությունը խորհրդարանում հնարավորություն չի ունենալու, օրինակ, Սահմանադրություն փոխել»։
Սահմանադրագետը վերահաստատեց, որ այս խորհրդարանում մեծամասնությունն այս մանդատների թվով իրավունք չի ունենա Սահմանադրությունն Ազգային ժողովով միայնակ փոփոխել, սակայն կարող են երեք հինգերորդի մեծամասնությունն ունենալու պարագայում՝ հարցերը դնել հանրաքվեի․ «ԱԺ-ում առանց ընդդիմության մասնակցության և հավանության՝ չեն կարողանա ո՛չ փոփոխություն կատարել հանրաքվեով նախատեսվող հոդվածներում (այսինքն՝ դնել հանրաքվեի), ո՛չ էլ երկրորդ մասով նախատեսված այն հոդվածներով, որոնք Ազգային ժողովը ինքը կարող է փոփոխել։ Մեծամասնությունը չի կարող նախագահին իմպիչմենտի ենթարկել, եթե փոքրամասնությունը չմասնակցի, որովհետև, կրկին, երկու երրորդ չունի»։
Սոնա Գիշյան