Նիկոլ Փաշինյանի ապիկարները․ պաշտոնների բաժանումը հարթ չի անցնում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԽորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիրն» ակտիվորեն պաշտոնների բաժանման քննարկումների մեջ է։ Ո՞ւմ նշանակել ուժային պաշտոններին, ովքե՞ր կգնան գործադիր, իսկ ո՞վ կմնա օրենսդիր մարմնում: Այս հարցերն են, որ լուրջ խմորումներ են առաջացրել փաշինյանականների շրջանում, իսկ վարչապետի պաշտոնակատարը բառ անգամ չի ասում իր կողմնակիցներին, որևէ մեկի հետ չի քննարկում, թե ով որտեղ է նշանակվելու։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ պաշտոնների նշանակման հարցը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը․․․ բռնապետի հակումներով մի ամբարտավան ու ճղճիմ անձ է։
2018թ․ իշխանափոխությունից հետո փաշինյանականների շրջանում առանձնանում էին մի քանի անձինք, որոնք գրեթե հավասար ազդեցություն ունեին նույն ՔՊ վարչությունում, կարողանում էին հակաճառել Նիկոլ Փաշինյանին։ Սակայն նոյեմբերի 9-ի խայտառակ պարտությունից, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դաժան ծեծից հետո «Քաղաքացիական պայմանագիրն» ամբողջությամբ դարձել է Նիկոլ Փաշինյանի խամաճիկը, և չկա որևէ մեկը, որ սեփական կարծիք հայտնելու համարձակություն ունենա։ Կադրային ջարդ խոստացող իշխանությունը լուրջ կադրային սով է զգում։ Մինչ այս պահը որևէ մեկը չգիտի, թե ում են նշանակելու փոխվարչապետերի, Պաշտպանության և ԱԳ նախարարների, ուժային մարմինների ղեկավարների, խորհրդարանի նախագահի ու փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների պաշտոնում։
Նիկոլ Փաշինյանն ինքն էլ պահում է ինտրիգը, թույլ տալիս, որ իր թիմակիցների շրջանում տարաձայնություններ և վեճեր ընթանան։ Թերևս, նա կարծում է, որ պառակտված իշխանական թիմն ավելի վերահսկելի կլինի իր համար։ Մամուլում շրջանառվող անունները վերջնական չեն։ Առ այս պահը ոչ ոք չգիտի, թե ում են նշանակելու առանցնքային երկու նախարարությունների ղեկավարների պաշտոնում, իսկ յուրաքանչյուր ՔՊ-ական իրեն է պատկերացնում նախարարի պաշտոնում՝ հաշվի չառնելով, թե որքանով է համապատասխանում այդ նշանակմանը։
Իրավիճակը հատկապես բարդ է ԱԳՆ-ում, ոստիկանությունում և ԱԱԾ-ում, որտեղ սովոր չեն դրսից իրենց գլխին ղեկավարների նշանակման փաստերին, և այդ անորոշությունը լրացուցիչ լարվածություն է առաջացնում։ Միայն ԱԺ նախագահի պաշտոնի համար քննարկվում է երեք անձի անուն, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ավելի է սրում իրավիճակը՝ անձամբ յուրաքանչյուրին աջակցություն խոստանալով։ Իհարկե, պաշտոնների բաժանումից հետո ՔՊ-ականները կրկին սեղանների շուրջ դժգոհելու են Փաշինյանից, շշնջալու են, թե իրենց չգնահատեցին, իսկ իրականում հրապարակային որևէ դժգոհություն չեն հայտնելու։
Վարդան Գրիգորյան