Ինչպե՞ս ջրել ռազմագերիների հարցը․ Փաշինյանի իշխանությունը լվացել է ձեռքերը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄինչ Հայաստանում քննարկում են խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները, Ադրբեջանը շարունակում է կեղծ մեղադրանքներով դատել հայ ռազմագերիներին։ Բաքվի ռազմական դատարանում երեկ շարունակվել է հայ ռազմագերիների՝ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը։ Ադրբեջանը հայ գերիներին մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիների իբր խոշտանգման ու այլ հանցագործությունների կատարման մեջ։ Մեկ այլ ռազմագերու՝ լիբանանահայ Վիգեն էուլջեքչյանին էլ Բաքվի դատարանն օրեր առաջ դատապարտեց 20 տարվա ազատազրկման։
Առանձին վարույթներով դատական լսումներ են ընթանում մի քանի տասնյակ այլ հայ ռազմագերիների նկատմամբ։ Պատերազմի ավարտից անցել է արդեն 7 ու կես ամիս, հարյուրից ավելի հայ ռազմագերիներ գտնվում են ադրբեջանական բանտերում, ենթարկվում խոշտանգումների, նվաստացումների թշնամու կողմից, իսկ Հայաստանի իշխանությունները կարծես մոռացել են նրանց գոյության մասին։ Իհարկե, նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների համար ձեռնտու չէր անդրադառնալ գերիների թեմային։ Հանրությունից «պողպատե մանդատ» աղերսող, ճղճղան ձայնով հրապարակներում և դահլիճներում սպառնացող Փաշինյանը Ադրբեջանի հետ շփումներում իրեն խոնարհ հարսի պես է պահում, մատը մատին չի խփում ռազմագերիների հարցը լուծելու համար։ Ընդամենը, ընտրություններից օրեր առաջ ռազմավարական նշանակություն ունեցող ականապատ տարածքների քարտեզների դիմաց հաջողացրեց Հայաստան վերադարձնել 15 ռազմագերու, իսկ տասնյակ այլ անձինք կրում են գերության տառապանքները։
Այժմ, երբ նրան հաջողվել է կրկին խլել իշխանությունը, հանրությունը պետք է հստակ պահանջներ ձևակերպի գերիների հարցում։ Այդ մարդկանց գերության յուրաքանչյուր օրը «Քաղաքացիական պայմանագրի» և նրան ընտրողների խղճի վրա է։
Տիգրան Պողոսյան