«Փաբերում նիսյա գարեջուր խմողների» իշխանությունն ավարտվում է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆիկոլ Փաշինյանին այս քարոզարշավում հաջողվեց անել անհնարինը՝ հունից հանել Հայաստանի երեք նախկին նախագահներին։ Սովորաբար զուսպ քաղաքական գործիչներն այսօր ծանր որակումներ են տալիս Փաշինյանի իշխանությանը։ Պատճառն այն է, որ «հեղափոխական» իշխանությունները երկրում մի իրավիճակ են ստեղծել, որ վտանգվել է պետության գոյությունը, իսկ այդ դեպքերում պոլիտկոռեկտության կոչերն առնվազն անհեթեթ են։
Երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ քարոզչական հանդիպման ժամանակ անդրադարձել է մի էական հանգամանքի, նշել, որ երեք տարում Նիկոլ Փաշինյանը չի ապացուցել թալանի ու կաշառքի որևէ մեղադրանք։ Բոլոր ձերբակալվածներին և կալանավորվածներին ազատ են արձակել հանցակազմի բացակայության կամ ապացույցների անբավարարության հիմքով։ Իրավապահ ամբողջ համակարգը երեք տարի գտնվել է Նիկոլ Փաշինյանի անձնական վերահսկողության տակ, և թալանի ոչ մի փաստ չի ներկայացվել։ Հայաստանի հաջորդ իշխանությունները, սակայն, կունենան բոլոր փաստերը Նիկոլ Փաշինյանի ու իր կողմնակիցների հանցանքները բացահայտելու համար։ Այս իշխանության ապօրինությունների մասին ԶԼՄ-ներում հարյուրավոր փաստեր կան, և կարճ ժամանակում կարելի է ապացուցել այս իշխանությունների թալանչի լինելը։
Երրորդ նախագահի բնորոշմամբ՝ «փաբերում նիսյա պիվա խմողներն» այսօր տներ, բնակարաններ և շքեղ մեքենաներ են ձեռք բերել։ Վստահաբար, նոր իշխանությունը պետական կառավարման համակարգը մաքրելու է նիկոլական ախտից։ Հանրությանը խաբելով իշանություն յուրացրած և երեք տարում պետական բարիքներից լիուլի օգտված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաջորդ հանգրվանը ոչ թե խորհրդարանը պետք է լինի, այլ քննչական մարմինները, որտեղ մանրամասն կպատմեն, թե ով ինչ է արել։
Օնիկ Դիլանյան