«Շիշ բռնողների» ու «լենաների» ֆոնին նույնիսկ Շմայսն է մտավորական թվում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ2018 թվականի ապրիլ-մայիսին, երբ տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս էին եկել փողոց՝ հեղափոխություն անելու, նույնիսկ սարսափելի երազում չէին կարող պատկերացնել, թե ինչ է, ի վերջո, իրենց սպասվում։ Մարդիկ ցանկանում էին արդարության հասնել, նոր որակի և նոր արժեքների կրող իշխանություն ունենալ, և սին հույսեր էին փայփայում, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կբերեն այդ նոր որակը երկրին։ Փոխարենը ստացան Արցախի մեծ մասի կորուստ, հազարավոր զոհեր և զինծառայողների մասունքների անարգում սեփական իշխանության կողմից, քայքայված տնտեսություն ու ոչնչացված պետական համակարգ, համավարակի դեմ պայքարի տոտալ ձախողում, ամբարտավան ու տգետ իշխանություն։
Տակավին երեկ նիկոլական երկու պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերը վկայում են, որ գործ ունենք բարոյական բոլոր արժեքներից զուրկ իշխանության հետ։ Նախ ԱԺ տխրահռչակ փոխխոսնակ Լենա Նազարյանը աչքի ընկավ լպիրշ պահվածքով։ Չկարողանալով հանդուրժել անկախ դարձած պատգամավորի արդարացի քննադատությունը՝ ԱԺ փոխխոսնակը քթի տակ նրա հասցեին վիրավորական արտահայտություն քրթմնջաց։ Պարզվեց, բարձրախոսն անջատված չէ, «իդիոտկա» բառը բոլորն են լսել։ Եվ երբ Թագուհի Թովմասյանը պահանջեց, որ Լենան ներողություն խնդրի իր լկտի պավածքի համար, Լենա Նազարյանը բառերի անհոդաբաշխ կույտ երկնեց ու հրաժարվեց ներողություն խնդրել իր իսկ լպիրշության համար։
Իսկ արդեն երեկոյան ԶԼՄ-ների հերոսը նոր իշխանության դեմքը դարձած «շիշ բռնողն» էր՝ Հայկ Սարգսյանը։ Երբ լրագրողը քաղաքական հարց էր տվել Սարգսյանին, պատգամավորը ոչ ավել, ոչ պակաս, խլել էր կին լրագրողի հեռախոսն ու ճողոպրել մեքենայով։ Ժամեր անց, իհարկե, Հայկ Սարգսյանը վերադարձրել էր հեռախոսը։ Այս երկու խայտառակ դրվագները հերթական անգամ ապացուցում են փաշինյանական իշխանության բարոյազրկումը, արժեզրկումն ու անկումը։ Տարատեսակ «շիշ բռնողների» ու «իդիոտկաների» ֆոնին նախորդ իշխանության նույնիսկ ամենաօդիոզ կերպարները մի տեսակ դրական են նայվում, նույնիսկ Շմայսը կարող է անգերազանցելի գագաթ է ՔՊ-ականների համար։
Արդյո՞ք ՀՀ ընտրողը ցանկանում է կրկին քվե տալ «Քաղաքացիական պայմանագրին», իր վզին կապել նման խառնամբոխի։ Եթե երեք տարի առաջ չէին ճանաչում, ապա այսօր հրաշալի տեսնում են, թե ում հետ գործ ունեն։ Ընդամենը 16 օր անց պարզ կլինի՝ վերջին մե՞խն են խփում պետականության դագաղին, թե՞ հանցագործների այս կառավարությանը մեկուսացնում են երկրի կառավարումից և հասարակությունից։
Դերենիկ Մարտիրոսյան