Ո՞ւմ է ապուշի տեղ դնում Փաշինյանը․ հասարակության մեղքը՝ ապիկարներ բուժելու գործում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չաճեց լրագրողի մակարդակից, չհասկացավ, թե ինչ է նշանակում պետության ղեկավար։ Շուրջ երեք տարի սեփական ձախողումներն արդարացնելով՝ միայն նախկինների հասցեին հիշոցներ տալով՝ Փաշինյանն անդառնալիորեն վարկաբեկել և ոչնչացրել է պետական համակարգերը։ Երեկ էլ երկու խղճուկ նախընտրական հանդիպումներում Փաշինյանը կրկին հիշել է իր նախորդներին, մեղադրել Հոկտեմբերի 27-ի, Մեղրին տալու մտադրության և այլ մահացու մեղքերի մեջ։ Եթե նույն հայտարարություններն աներ որևէ լրագրող, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, սակայն երկրի ղեկավարի աթոռին սոսնձված անձի շուրթերից նման հայտարարություններ լսելն առնվազն անհեթեթություն է։
«Մեզ ասում են ձեր ժամանակ պատերազմ է եղել, ձեր ժամանակ էլ հոկտեմբերի 27 է եղել, դե Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան, եկեք պատասխան տվեք նրա մասին, որ ձեր ղեկավարած ԱԱԾ-ն տեղյակ է եղել, որ Նաիրի Հունանյանը մտնելու է ԱԺ և գնդակահարելու է ժողովրդի առաջնորդներին։ Ձեզ թվում է՝ թե դուք հոկտեմբերի 27-ի համար պատասխան չե՞ք տալու»,- հոխորտացել է Փաշինյանը:
Մարտի 1-ի քրգործը «փառահեղ» կերպով աղավաղած և վերջնականապես թաղած Փաշինյանն այսօր էլ քաղաքական հակառակորդներին փորձում է ահաբեկել հոկտեմբերի 27-ով։ Պետության ղեկավարը պարզապես չի կարող մերկապարանոց հայտարարություններ անել։ Երբ դու նման ծանրագույն մեղադրանք ես ներկայացնում, պետք է առնվազն քրգործեր հարուցված լինեն այդ դեպքերով, մեղադրյալ ու դատարանի վճիռներ լինեն, մինչդեռ իշխանազավթումից մինչ օրս Փաշինյանն ու իր թիմակիցներն աչքի են ընկել բացառապես սին մեղադրանքներով։
Այդ նույն հանդիպումներում Նիկոլ Փաշինյանը բառ անգամ չասաց գերիների, ԱԳ նախարարի հրաժարականի, իր կառավարության խայտառակ ձախողումների մասին, բոլոր հարցերին էլ պատասխանեց նախկինների մասին՝ արդեն վաղուց բոլորին զզվեցրած թեզերով։ Այս ամենում, իհարկե, մեծ է հասարակության մեղքը։ Մեր հասարակությունն է, պատկերավոր ասած, բուծել ապիկարների այս իշխանությանը, պատերազմում պարտությունից հետո էլ այդ հասարակության մի ստվար զանգված շարունակում է գնալ «Քաղաքացիական պայմանագրի» հետևից։ Ակնհայտ է, որ Փաշինյանն այսօր լուծում է միայն իշխանության մնալու խնդիրը, դրա համար կանգ չառնելով ոչնչի առջև, անգամ իրեն քվե տված մարդկանց ապուշի տեղ դնելով։ Արդյո՞ք այդ հասարակությունը համաձայն է, որ իր ապիկար ղեկավարն իրեն ապուշի տեղ դնի։ Եթե հասարակությունն այս անգամ էլ տրվեց փաշինյանական կեղծիքին ու մանիպուլյացիային, թերևս կարող ենք արձանագրել, որ ուզում է։
Հայկ Պողոսյան