Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ ժամացույց «Rolex»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇվեյցարական Rolex ապրանքանիշը բոլորին է հայտնի որպես շքեղ և թանկարժեք ժամացույցների արտադրող: Rolex SA-ն նշանակում է բարձր որակ, հուսալիություն և էլեգանտություն: Այսօր տարեկան այդ ապրանքանիշի ներքո արտադրվում է ավելի քան 500 հազար ժամացույց: Բայց այդ ամենը անմիջապես չի եղել:
Rolex–ի զարգացման պատմությունը սկսվել է նրա հիմնադիրից՝ ծնունդով բավարացի Հանս Վիլսդորֆից: Նա օրվա հաց է վաստակել աշխատելով մի մեծ կազմակերպությունում, որը զբաղվում էր մարգարիտների արտահանմամբ: Որոշ ժամանակ անց Հանսը տեղափոխվել է իր դպրոցական ընկերոջ ընկերություն, որն արտահանման համար շվեյցարական ժամացույցներ էր վաճառում: Հենց այդտեղ է Վիլսդորֆը ծանոթացել շվեյցարական ժամացույցների պատրաստման բարդություններին և առանձնահատկություններին, սակայն նոր տեղում երկար չի մնացել: Նա չէր սիրում աշխատել ուրիշի համար, ուստի որոշ ժամանակ անց Հանսը Լոնդոնում կազմակերպում է իր սեփական ընկերությունը Wilsdorf & Devis (կրճատ՝ W&D) անվամբ, որը նույնպես սկսում է արտահանել շվեյցարական ժամացույցներ: Ընկերության անվան երկրորդ մասը ավելացվել է ի պատիվ նրա խորթ եղբոր: Ժամացույցների մասերը արտադրվել են շվեյցարական այլ ընկերությունների կողմից, բայց պատրաստի արտադրանքի վրա դրվել է W&D պատկերանշանը:
Հանս Վիլսդորֆը չէր կասկածում, որ ապագայում ձեռքի ժամացույցները ավելի տարածում կգտնեն, ուստի մեծ ցանկություն ուներ դրանք պատրաստել ինքնուրույն՝ առանց ներգրավելու այլ մատակարարների ու արտադրողների: Եվ նրա երազանքը կատարվել է 1905 թվականին: Ծնվել է ամբողջությամբ W&D-ի կողմից պատրաստված առաջին ձեռքի ժամացույցը: Ավելին, դրանք մյուսներից տարբերվել են մաքուր արծաթից կամ ոսկուց պատրաստված իրենց թանկարժեք արտաքին պատյանով: Անգլիայի պահպանողական բնակիչներին դուր են եկել նման ժամացույցները, և այդ ժամանակից ի վեր ընկերությունը դարձել է թանկարժեք ժամացույցների առաջատար արտադրող:
1908 թվականին որոշում է կայացվել վերանվանել ընկերությունը: Վիլսդորֆը կարծում էր, որ անհրաժեշտ է ավելի կարճ, ավելի տարողունակ և վառ անուն, որի արտասանությունը բոլոր լեզուներում նույնն է: Հենց այդպես էլ հայտնվել է Rolex անվանումը: Այդ բառը ոչինչ չի նշանակում և չի թարգմանվում, ամենայն հավանականությամբ այն պարզապես տառերի շարք է, որը այդ բառը դարձնում է հնչեղ և հեշտ հիշվող (դա արել է նաև հայտնի Kodak ընկերությունը): Իհարկե կա վարկած, որ դա հապավում է, բայց դրա ոչ մի ապացույց չկա: Ընկերության անվանումը պաշտոնական է դարձել 1915 թվականի նոյեմբերի 15-ից:
Ընկերության գոյության հենց առաջին օրվանից պարզ էր, որ Rolex-ի արտադրանքը բոլորի համար չէ՝ կապված գնի հետ: Դա է հենց այդ ժամացույցների հիմնական առանձնահատկությունը. դրանք բացառիկ են, որակյալ և շատ ճշգրիտ աշխատող: 1910 թվականին հայտնվել է Rolex ձեռքի ժամացույց, որն առաջին անգամ թողարկվել է որպես քրոնոմետր, ինչը նախկինում այլ ժամացույցային ընկերություններ չէին արել: Rolex-ը նաև առաջատար է անջրանցիկ ձեռքի ժամացույցների աշխարհում, և նման առաջին ժամացույցը արտադրվել է 1926 թվականին: Ավելին, ընկերությունը պարբերաբար հեղափոխական փոփոխություններ է կատարել ժամացույցային արդյունաբերության մեջ թողարկելով նորարարական ապրանքներ իր իսկ ապրանքանիշի ներքո: Օրինակ՝ 1945 թվականին արտադրվել է ժամացույց, որն ավտոմատ կերպով էր փոխում ամսաթիվը, իսկ 1956 թվականից նաև շաբաթվա օրերը:
1919 թվականին տեղի է ունեցել թանկարժեք մետաղների Մեծ Բրիտանիա ներմուծման մաքսատուրքերի զգալի աճ, որի արդյունքում որոշվել է տեղափոխել Rolex-ի արտադրությունը Շվեյցարիա (Ժնև): Անունը նույնպես փոխվել է, և այդպես ծնվել Rolex Watch ընկերությունը: Այնուհետև այն վերանվանվել է ևս 2 անգամ՝ Montres Rolex SA, և այնուհետև Rolex SA, որն էլ գործում է ներկայումս:
2013 թվականին Rolex-ը աշխարհի ամենաարժեքավոր ապրանքանիշերի շարքում զբաղեցրել է 68-րդ տեղը: Ընկերությունն օրական արտադրում է մինչև 2000 ժամացույց, ինչը շքեղ ապրանքների յուրաքանչյուր ընկերության համար հնարավոր չէ: Բացի այդ, Rolex SA-ն արտադրում է ապրանքներ Cellini և Tudor հայտնի ապրանքանիշերի ներքո:
Rolex ժամացույցների անհավատալի հանրաճանաչության շնորհիվ դրանց կեղծման դեպքերը ավելի հաճախակի են դարձել, և դա բավականին մեծ ծավալների է հասնում: Ընդ որում այդ կեղծիքների որակն այնքան լավն է, որ ոչ մասնագետը ունակ չէ տարբերել կեղծվածը իրականից, անգամ մասնագետներն են երբեմն դժվարանում հայտնաբերել կեղծիքը: Խորհուրդ ենք տալիս չխաբվել ժամացույց գնելիս:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը