Հեռախոսազանգ ԱՄՆ-ից. Ինչ է պատասխանել Սերժ Սարգսյանը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՍերժ Սարգսյանն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր փոխնախագահի՝ Մայք Փենսի հետ: Ուշագրավ է այն, որ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նոր վարչակազմի հետ աշխատելու մասին հայտարարել էր ՀՀԿ համագումարի իր ելույթում, որից մի քանի օր անց փաստորեն նրա մոտ հնչում է հեռախոսազանգ ԱՄՆ նոր վարչակազմից: Թեև այդ վարչակազմը դեռևս ամբողջապես ձևավորված չէ և չի անցել պաշտոնավարման, սակայն ակնհայտ է, որ թե՛ աշխարհը, թե՛ Հայաստանն այլևս աստիճանաբար մտնում են հենց այդ վարչակազմի հետ աշխատանքի ռեժիմ:
Եվ այս իմաստով հայ-ամերիկյան այս առաջին շփումն, իհարկե, հետաքրքրական է, առավել ևս, որ այն տեղի է ունենում հետաքրքրական իրավիճակում: Մասնավորապես՝ Հայաստանի համար հետաքրքրական:
Սերժ Սարգսյանն ու Փենսը խոսել են հայ-ամերիկյան կապերը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով առավել ընդլայնելու մասին, սակայն հարց է առաջանում, թե ինչպես պետք է տեղի ունենա դա, երբ մենք տեսնում ենք, թե ռազմական ոլորտում ինչպես են ընդլայնվում, այսպես ասած, հայ-ռուսական կապերը:
Եվ այստեղ բանը միայն այն չէ, որ կանգնում ենք սկզբունքորեն հավերժական մի դիլեմայի առաջ, թե արդյո՞ք հնարավոր է լինել անվտանգության մի համակարգում, բայց զարգանալ տնտեսական այլ համակարգով: Կոնկրետ առումով այստեղ գործ ունենք մի իրողության հետ, երբ անգամ այդ տնտեսական համակարգի մասով Հայաստանը իր ինքնիշխան քաղաքականության հնարավորությունները հանձնել է Ռուսաստանին՝ ի դեմս ԵՏՄ-ի և նաև հայ-ռուսական մի շարք գույքային գործարքների, և Հայաստանի ինքնուրույն, առնվազն դե յուրե ինքնուրույն քաղաքականության միակ ոլորտը մնացել է անվտանգությունը, բանակը:
Եվ եթե այս ոլորտում էլ նկատելի է Ռուսաստանի ազդեցության մեծացման տանող քայլերի գործընթաց, որտեղ ակնհայտ են Հայաստանի ինքնիշխանության՝ նաև այս առումով զգալի սահմանափակման ռիսկեր, որոնց վերաբերյալ իշխանությունը չի տալիս հանրության համար համոզիչ և լիարժեք բացատրություններ, ապա հարց է առաջանում, թե ինչքանով է Հայաստանն ունակ լինելու զարգացնել քաղաքական ու տնտեսական կապերը ԱՄՆ-ի հետ: Ընդ որում, չի բացառվում, որ ԱՄՆ նոր վարչակազմը ոչ թե քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարը, այլ ընդամենը փորձել է ստանալ այդ հարցի պատասխանը:
Ասել կուզի՝ ԱՄՆ փոխնախագահը փորձել է թերևս ստանալ այն հարցերի պատասխանները, որոնք փորձում, բայց առայժմ չի ստանում Հայաստանի հասարակությունը: Այդ պատասխաններից է կախված լինելու, թե ինչ քայլեր կանի Հայաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ նոր վարչակազմը:
Հարցն այն է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը ԱՄՆ նորընտիր փոխնախագահի հետ հեռախոսազրույցում իրեն թույլ կտա իրականությունը ներկայացնել այնպես, ինչպես, օրինակ, հանրությանն էր փորձում ներկայացնել ՀՀԿ համագումարի ելույթում: