Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրադրությունը։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի խնդիրների կատարման շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները նախորդ հեռախոսազրույցներն անցկացրել են ապրիլի 7-ին և ապրիլի 24-ին:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Ընթանում են բանակցություններ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։