Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ մշկընկույզ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄշկընկույզը կամ մուսկատային ընկույզը, կամ ջայփխալը (հնդկերեն) անուշաբույր մշկընկույզենու, որը մշկընկույզների ընտանիքի արևադարձային մշտադալար ծառ է, պտղի կորիզն է: Նրա հայրենիքը Մոլուկկաներն են, Յավան, Կալիմանտանը, Սումատրան և Ինդոնեզիան: Այդ ծառը հասնում է մինչև 20 մետր բարձրության և ամեն տարի ծաղկում է սկսած 5-6 տարեկան հասակից: Այդ հասարակածային ծառի պտղաբերումը կարող է տևել մինչև 40 տարի: Սովորաբար, ընկույզները հավաքում են տարեկան մինչև երեք անգամ, ուստի մեկ ծառից սովորաբար տարեկան հավաքվում է 3-ից 10 հազար ընկույզ: Որոշ բույսեր ապրում են մինչև 100 տարի՝ շարունակելով պտուղներ տալ, չնայած ոչ այնքան կանոնավոր, որքան առաջին տարիներին:
Մշկընկույզը ունի կծու, փայտային, բարդ և անհամեմատելի բույր: Համը սկզբում հազիվ է ընկալվում, իսկ հետո լինում է խիստ արտահայտիչ և տարբեր երանգների: Քերած և աղացած տեսքով, մշկընկույզը արագորեն է կորցնում իր բույրը, ուստի ավելի լավ է օգտագործել ամբողջական ընկույզը այն քերելով անմիջապես օգտագործելուց առաջ, քանի որ աղացած մշկընկույզին ամենայն հավանականությամբ, արդեն իսկ ավելացված են լինում արհեստական բուրավետիչներ։
Մշկընկույզով առևտուրը սկիզբ է առել 6-րդ դարից, երբ արաբ վաճառականները Մոլուկկաներից համեմունքներ են տարել Կոստանդնուպոլիս: Արդեն 12-րդ դարի վերջին մշկընկույզը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում և մեծ պահանջարկ է ունեցել ամբողջ Եվրոպայում: Միջնադարյան Անգլիայում մեկ ֆունտ (454 գրամ) մշկընկույզը այնքան թանկ է եղել, որ արժեցել է երեք ոչխար: Մինչև 17-րդ դարի սկիզբը շատ բարեկեցիկ եվրոպացիներ իրենց հետ կրել են մշկընկույզ արծաթե մանր քերիչի հետ, որպեսի հյուրընկալվելիս իրենց բաժին ուտեստները համեմեն:
16-րդ դարում մշկընկույզի վաճառքի մենաշնորհ են ունեցել պորտուգալացիները, իսկ մեկ դար անց այն զավթել են հոլանդացիները, որոնք մինչ օրս էլ մեծամասամբ կապված են այդ համեմունքի հետ: Մշկընկույզի հնարավոր ամենաբարձր գնով վաճառելու ցանկությունն իր գագաթնակետին է հասել 1760 թվականին, երբ հոլանդացիները Ամստերդամում այրել են իրենց սեփական պահեստը 4 հազար տոննա այդ համեմունքներով, և այդ օրը քաղաքի օդը հիշեցրել է Հենրիխ 4-րդի թագադրման օրվա սենյակի անուշահոտությունը: Հոլանդիայի մենաշնորհը տևել է մինչև այն պահը, երբ Բրիտանիան և Ֆրանսիան կարողացել են մշկընկույզ աճեցնել Մոլուկկասի սահմաններից դուրս: 1769 թվականին ֆրանսիացիները մշկընկույզ որոնելու ծովային արշավախումբ են ուղարկել: Նրանց հաջողվել է մաքսանենգ ճանապարհով դուրս բերել գողացված երիտասարդ մշկընկույզենի ու բողբոջած սերմեր: Գործի դրված հոլանդական նավատորմը չի կարողացել հասնել ֆրանսիական նավերին, և արդյունքում մշկընկույզը տարածվել է ամբողջ աշխարհում: Ֆրանսիացիները մշկընկույզը տարել ենն Մավրիկիոս, իսկ Բրիտանիան այն տարել է Չինաստան, Սինգապուր, Տրինիդադ և Սենթ Վինսենտ: Ամենահաջող պլանտացիաները բրիտանացիների կողմից 18-րդ դարում ստեղծվել են Գրենադա կղզում: Գրենադան այսօր էլ մշկընկույզի խոշոր արտադրողն է ամբողջ աշխարհում (արտադրում է մշկընկույզի համաշխարհային ծավալի 40%-ը) և զիջում է միայն Ինդոնեզիային: Անգամ Գրենադայի դրոշի վրա է մշկընկույզ նկարված։
Մշկընկույզը, չնայած տարածված համոզմունքին, որ ուժեղ հոգեմետ է, ունի եզակի բուժիչ հատկություններ: Հնդկաստանում մշկընկույզի յուղն օգտագործել են աղեստամոքսային տրակտի խանգարումները բուժելու համար, իսկ եգիպտացիները բալզամացման համար: Ապենինյան թերակղզում մշկընկույզի յուղը, դափնու, մեխակի, գիհի, զմուռսի, մրտենիի և վարդագույնի հետ միասին, ներառված է եղել այն խառնուրդի մեջ, որը պաշտպանել է ժանտախտից: Միջնադարում մշկընկույզը հարգում էին որպես հակաթութքային միջոց: Մշկընկույզը պարունակում է եթերայուղ 10%, օսլա, սպիտակուց, ճարպային յուղ և այլն: Այն շատ ուժեղ խթանող և տոնիկ ազդեցություն ունի:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը