Գիտնականները հայտնաբերել են կապ արյան խմբերի և որոշ հիվանդությունների զարգացման հավանականության միջև
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառոլինյան ինստիտուտի գիտնականները նոր հետազոտության արդյունքում պարզել են, որ արյան խմբերի ու որոշակի հիվանդությունների զարգացման հավանականության միջև կա ակնհայտ կապ։ Գիտնականները կիրառել են Շվեդիայի արյան դոնորների և փոխներարկումների տվյալների բազայի տեղեկությունները, որը ներառում է մոտ 5,1 միլիոն մարդու տվյալներ: Այդ տվյալների միջոցով նրանք վերլուծել են արյան խմբերի և ավելի քան 1200 հիվանդությունների միջև առկա կապը՝ ստանալով անհրաժեշտ արդյունքները։
Ինչպես նշում են գիտնականները, նախկինում արդեն հայտնի էր, որ 0 (I) խմբի արյուն ունեցողները շատ ավելի հազվադեպ էին բախվում սրտանոթային համակարգի խնդիրներին, քան A (II) և B (III) խմբերի արյուն ունեցողները, սակայն այս հետազոտության արդյունքում նրանք ոչ միայն հաստատել են այս պնդումը, այլև պարզել են մի շարք նոր փաստեր։
Ընդհանուր առմամբ՝ հետազոտության արդյունքում գիտնականներն ապացուցել են արյան խմբերի և 49 հիվանդության միջև կապի առկայությունը։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ A (II) խմբի արյուն ունեցողների մոտ բարձր է անոթներում արյան մակարդուկների (թրոմբներ) զարգացման հավանականությունը, մինչդեռ 0 (I) խմբի արյուն ունեցողները շատ ավելի հաճախ են բախվում արյան մակարդելիության խանգարման խնդրին։ Բացի այդ, 0 (I) խմբի արյուն ունեցող կանանց մոտ ավելի բարձր է հղիության ընթացքում զարկերակային գերճնշման զարգացման հավանականությունը։ Միևնույն ժամանակ մասնագետները շեշտում են, որ այս ախտաբանությունը կապված է դրական ռեզուս գործոնի (Rh+) հետ։
Ավելին՝ նոր հետազոտության միջոցով գիտնականները պարզել են, որ կապ է նկատվում նաև արյան խմբերի ու երիկամներում քարերի զարգացման վտանգի միջև։ Ինչպես նշում են մասնագետները, այս խնդրի զարգացման հավանականությունն ավելի ցածր է B (III) խմբի արյուն ունեցողների մոտ, մինչդեռ արյան մյուս խմբերի դեպքում այդ վտանգը համեմատաբար ավելի բարձր է։
Գիտնականները վստահ են, որ արյան խմբերի և որոշակի ախտաբանությունների միջև կապի հայտնաբերումը միայն մի օղակն է հիվանդությունների ուսումնասիրության ու դրանց դեմ պայքարի միջոցների ձեռնարկման գործընթացում։
«Մետ տվյալներն ընդգծում են, որ նոր հետաքրքիր կապեր կան արյան խմբերի և այնպիսի վիճակների միջև, ինչպիսին են երիկամներում քարերի առկայությունն ու հղիների մոտ զարկերակային գերճնշումը։ Դրանք հիմք են հանդիսանում այդ հիվանդությունների զարգացման մեխանիզմների հետագա հետազոտությունների կամ դրանց ախտորոշման ու բուժման նոր միջոցների մշակման համար», – նշել է պրոֆեսոր Գուստաֆ Էդգրենը (Gustaf Edgren), ով հետազոտության համահեղինակներից մեկն է։
Նյութի աղբյուրը՝ med2.ru