Ցեղասպանություն. ի՞նչ կլինի ճանաչումից հետո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆiarex.ru-ն գրում է, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածը ցեղասպանություն ճանաչեց, ժամանակակից Թուրքիան կարող է տարբեր ձևերով ցույց տալ իր դժգոհությունը Վաշինգտոնի նկատմամբ: Օրինակ` նա կարող է հրաժարվել Սիրիայում ընդհանուր շահերը խթանելու նախկինում հայտարարված մտադրությունից կամ ՆԱՏՕ-ի կարծիքին հակառակ մեկ այլ քայլ կատարի, կամ, ի վերջո, ճանաչի հնդկացիների ցեղասպանությունը:
Թուրքիան կտրականապես հերքում է Հայոց ցեղասպանության փաստը և այդ փաստը ճանաչող այլ երկրների գործողությունները համարում է քաղաքական պատեհապաշտություն և կարծում է, որ ոչ ոք իրավունք չունի իրենց դասեր տալ սեփական պատմության մասին: Անկարան առաջին անգամ չէ, որ իր վրդովմունքն է հայտնում ցեղասպանությունը ճանաչած երկրների գործողություններից: Յուրաքանչյուր նոր երկրի ճանաչումը հարուցել է Թուրքիայի արձագանքը, բայց Միացյալ Նահանգները միշտ էլ առանձնահատուկ դիրքորոշում է ցուցաբերել և աշխատել դուր գալ երկու կողմերին էլ. տարիներ շարունակ այս երկրի նախագահները հրաժարվել են արտասանել ցեղասպանություն բառը՝ օգտագործելով այդ բառի տարատեսաակ հոմանիշներ:
ԱՄՆ-ի նախագահի կողմից ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է ամերիկահայերի համար: Ինչու՞: Նախևառաջ, քանի որ այնտեղ ապրում են թուրքական հանցագործությունների զոհերի հետնորդները, և երկրորդ, դա թույլ կտա վերսկսել փոխհատուցման գործընթացը ապահովագրական պոլիսների պահանջների հիման վրա: 2000-ականների սկզբին Նյու Յորքի Կյանքի ապահովագրական ընկերությունը սկսել էր փոխհատուցման գործընթացը, սակայն պահանջների մեծ մասը մերժել էր անբավարար փաստերի պատճառով: Նույն պատմությունն է կրկնվել նաև ֆրանսիական AXA ընկերության հետ: Պե՞տք է արդյոք ակնկալել, որ ԱՄՆ-ի նախագահի կողմից ցեղասպանության ճանաչումը կբերի այս փաստի ճանաչմանը բուն Թուրքիայի կողմից: Իհարկե ոչ, ավելին, դա չի ազդի նաև Իսրայելի դիրքորոշման վրա, որը ոչ այնքան Թուրքիայի հետ բարեկամության, որքան ողբերգության մեջ իր բացառիկությունը կորցնելու վախի պատճառով չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը