«Ռուսաստանը շուտով կներկայացնի ոչ բարեկամական երկրների ցանկը». Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի կառավարությունը շուտով կներկայացնի ոչ բարեկամական երկրների ցանկը. չափանիշները հասկանալի են, երկար սպասելու անհրաժեշտություն չի լինի, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Կառավարությունն ունի կոնկրետ հանձնարարականներ, հասկանալի են այն չափանիշները, որոնցով մենք առաջնորդվում ենք այդ աշխատանքում։ Այնպես որ, կարծում եմ՝ երկար սպասելու անհրաժեշտություն չի լինի»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր՝ ՌԴ-ում կազմվում է «ոչ բարեկամական պետությունների» ցուցակ, որում կընդգրկվի նաև ԱՄՆ-ն։
Նրա խոսքով՝ այդ ցուցակում ընդգրկված երկրների քաղաքացիների համար կգործեն սահմանափակումներ, մասնավորապես, պետական և դիվանագիտական աշխատանքի ընդունման պարագայում։
Ընդ որում, նա ընդգծել էր՝ նման քայլը պայմանավորված է ԱՄՆ-ի «բացարձակ ոչ բարեկամական գործողություններով»։
Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում, Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին, մի շարք երկրներ, այդ թվում` Միացյալ Նահանգները, Չեխիան, Ուկրաինան արտաքսել են ընդհանուր առմամբ չորս տասնյակ ռուս դիվանագետների։