Ի՞նչ են ուզում Լուսավոր Հայաստանից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆախորդ տարվա նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո, Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի օրակարգի թիվ մեկ խնդիրը վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալու հարցն էր։ Նա հրաժարական չտվեց հանրային ճնշման արդյունքում, քանի որ ընդդիմությունը չկարողացավ փողոցային պայքարն այդ աստիճանի գեներացնել։ Փաշինյանը գնաց այդ քայլին բացառապես խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ կոնսենսուսի արդյունքում, որտեղ նրան հստակ բացատրվեց, որ քաղաքական և հանրային լարվածությունը թոթափելու միակ լուծումը հրաժարականի ու արտահերթ ընտրություններ նշանակելու միջոցով կարող է լուծվել։
Ի դեպ, մինչ Փաշինյանի հրաժարականը մեծ ճնշում կար խորհրդարանական ընդդիմության վրա` քաղաքական գործիքակազմով հասնելու վարչապետի հրաժարականին։ Դա Լուսավոր Հայաստանին և Բարգավաճ Հայաստանին հաջողվեց։ Սակայն տարօրինակն այն է, որ երեկվանից որոշ քաղաքական շրջանակներ քարոզչական զանազան գործիքներով հարձակվել են մասնավորապես Լուսավոր Հայաստանի վրա։ Տարօրինակ այն իմաստով, որ մինչ վարչապետի հրաժարականը մեղադրում էին ԼՀԿ-ին Նիկոլին չհեռացնելու համար, իսկ հիմա, երբ Նիկոլը հրաժարական է տվել ու գոնե առկա է քաղաքական գործիք, այն է՝ ընտրություններ, նրան դե յուրե պաշտոնանկ անելու համար, հիմա էլ, մեղմ ասած, չեն ուզում արտահերթ ընտրություններ։ Լավ, ի՞նչ անի Էդմոն Մարուքյանը։ Պարզ է չէ՞, որ հանրային ճնշում որպես այդպիսին չեղավ, բայց խորհրդարանական ընդդիմության ակտիվ ջանքերով եղավ հրաժարական, ինչը հնարավորություն է տալիս ընտրություններով հեռացնել Փաշինյանին։
Տպավորություն է, որ ԼՀԿ-ի վրա հարձակումները պայմանավորված են այն հանգամանքով, որ այդ ուժերը մի քանի օրում արագ հասկացել են, որ առաջիկա ընտրություններում մրցունակ չեն լինելու և նետվելու են քաղաքական լուսանցք։ Ինչևէ, կա վարչապետի հրաժարականի փաստ, և լինելու են արտահերթ ընտրություններ։ Սա գոնե այն առավելագույնն է այս պահի դրությամբ, ինչը հաջողվեց անել ընդդիմությանը։ Մնացածն արդեն ոչ միայն Էդմոն Մարուքյանի, այլ մյուսների անելիքն է՝ հաղթել ընտրություններում և կասեցնել գործող իշխանության՝ Հայաստանը կազմաքանդելու ընթացքը։ Ի դեպ, Հայաստանի բոլոր նախորդ ընտրություններում հավաքական ընդդիմությունը պարտվել է նաև այն պատճառով, որ որևէ ընդդդիմադիր կուսակցության առաջնորդությունը, որն, ըստ էության, քաղաքական պրոցեսները ճիշտ հունով է տարել, բոյկոտվել և դատափետվել են ընդդիմադիր թևի մյուս ուժերի կողմից։
Կարեն Դանիելյան