Առողջապահության ոլորտում ուղղակի անգրագիտություն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«AstraZeneca» և «Սպուտնիկ V» պատվաստանյութերը երկուսն էլ Հայաստանում օգտագործվելու են ընդդեմ Քովիդի։ Այս թեմայով 68 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Անանիկյանն ։ Մասնագետը շեշտել է, որ իր համար անհասկանալի է այն, որ Առողջապահության նախարարությունը թողել է 90 տոկոս արդյունավետություն ունեցող ռուսական պատվաստանյութը ու համաձայնել գնել մի պատվաստանյութ, որից հրաժարվում են աշխարհի տարբեր երկրներ։
«Նախ՝ առհասարակ պատվաստումների հետ կապված՝ կարծում եմ, որ վիրուսների դեմ պատվաստանյութերի ստեղծումը բավականին լուրջ գործ է, իսկ կորոնավիրուսը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք մի անգամ հիվանդացել են, կրկին կարողանում են վարակվել, իսկ դա նշանակում է, որ հակամարմինները պահպանվում են մարդու օրգանիզմում մի քանի ամիս, այսինքն՝ ձևավորված ստույգ իմունիտետ չկա, հետևապես՝ պատվաստանյութն էլ չի կարող տալ այդ ստույգ իմունիտետը, ինչը նշանակում է՝ ամեն մի քանի ամիսը մեկ պետք է պատվաստվել։ Ինչ վերաբերում է նրան, որ պատվաստման դեպքում, եթե անգամ վարակվի քաղաքացին, այն կարող է շատ թեթև տանել, այդ դեպքում պետք է հիշել, որ չպատվաստված և վարակված մարդկանց մեջ էլ մեծամասնությունը կորոնավիրուսը տանում է թեթև, առանց ախտանշանների և չի էլ զգում որևէ բարդություն։ Կրկնում եմ, եթե մարդը հիվանդացել-լավացել է, ապա ես չեմ կարծում, որ նա պետք է պատվաստվի»,- ասաց պրոֆեսոր Անանիկյանը։
Հայաստանում այս պահի դրությամբ պատվաստվել է շուրջ 500 մարդ, այն դեպքում, երբ աշխարհի բամաթիվ երկրներում պատվաստվածների տոկոսը բավականին մեծ է՝ օրինակ, Անգլիայում՝ 60 տոկոս։ Անդրադառնալով այս հարցին՝ Պետրոս Անանիկյանը նշեց, որ անգամ պատվաստվածների այս ցուցանիշը վկայում է առողջապահական համակարգում տիրող խայտառակության և ոչ պրոֆեսիոնալ կադրերով համակարգը լցնելու մասին։
«Առողջապահության ոլորտում անգրագիտություն է ուղղակի։ Անգրագիտություններից մեկն այն որոշումն էր, երբ Առողջապահության նախարարությունը հրաման տվեց որ ողջ երկրով մեկ բացեն Քովիդ կենտրոններ, մինչդեռ ամբողջ աշխարհում ընդունված է անել հակառակը՝ առանձին հիվանդանոցներ բացել։ Հենց այդ սխալ որոշման արդյունքում է, որ մեր բժիշկների 70 տոկոսը վարակվեց քովիդով»,- ասաց Անանիկյանը։
Դիտարկմանը, որ տելեգրամյան ալիքներից մեկի տվյալներով՝ AstraZeneca պատվաստանյութի միջազգային գինը 25 ԱՄՆ դոլար է, մինչդեռ Հայաստանը կարողացել է այն ձեռք բերել անհամեմատ էժան՝ 4,5 դոլարով, Պետրոս Անանիկյանը պատասխանեց.
«Հայաստանում այսօր փորձարկվում է 30-ից ավելի դեղ, հիմա էլ «AstraZeneca»-ն և հիմա աշխարհի տարբեր երկրներ, որոնք ունեին այս պատվաստանյութի որոշակի պաշար ու հիմա դրանից հրաժարվել են 4, 5 դոլարով սաղացրել են այն Հայաստանի վրա»։
Ապրիլի 19-ից Հայաստանում «Սպուտնիկ V»-ով կպատվաստվեն 18-55 տարեկան անձինք, իսկ 55-ից բարձր տարիքի անձինք էլ՝ «AstraZeneca»-ով, որոշման մասին Անանիկյանն ասաց, որ սա մարդու իրավունքների խախտում է։ Միևնույն ժամանակ՝ հավելեց, որ 70 տոկոս արդյունավետությամբ պատվաստանյութով որոշել են պատվաստել 55-ից բարձր տարիքում գտնվողներին, որովհետև օրինակ՝ 63 տարեկանը կենսաթոշակային տարիքի շեմն է, այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ մեզ թոշակառուներ պետք չեն։
«Ինչքան թոշակ քիչ վճարեն, այնքան լավ, ի՞նչ է նշանակում այս բաժանումը։ Սա խոսում է այն մասին, որ այս տարիքի մարդիկ իրենց պետք չեն»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է թոշակառուներին ասել, որ չպատվաստվելու դեպքում թոշակ չեն ստանա, ու քաղաքացիները ստիպված կլինեն օգտվել պատվաստանյութից, Պետրոս Անանիկյանը հակադարձեց.
«Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ թոշակ չեք ստանա, մինչև չպատվաստվեք, սա ոչ թե պարտադիր պատվաստում է նշանակում, այլ ֆաշիզմ։ Անդրանիկ Քոչարյանի այս առաջարկի համար պետք է Դատախազությունը քրեական գործ հարուցի»։
Սոնա Գիշյան