Նա այդպես էլ գլխում չի կարողանում հաղթահարել աղքատությունն ու ագահությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆա հասարակ ընտանիքից էր, եկել էր քաղաք սովորելու և ապագա կերտելու համար։ Նա լրագրող էր, ով նաև թաքուն, հաճախ նաև բացահայտ իշխանության հասնելու նպատակ ուներ։ Ի վերջո, մի օր նա իրեն հռչակեց հեղափոխության առաջնորդ և ստերի ու կեղծիքների օգնությամբ զավթեց իշխանությունը «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» հակապետական պարզագույն շանտաժի գործադրմամբ։ Նրան միշտ թվում է, թե ինքն ամենախելացին է, համարյա փիլիսոփա, սիրում է բանաստեղծություններ գրել։ Սիրում է զինվորական կամուֆլյաժ կրել, քանզի չի ծառայել բանակում՝ դրանով իրեն ուժեղ է զգում։ Նա սիրում է օգտագործել էժանագին մտքեր, հումորներ, նույնիսկ հայհոյանքներ։ Նրա հաջողության բանալին դարձավ այն թեզը, թե երկիրը պետք է հիմնովին քանդել ու նորովի կառուցել։ Այս կոնտեքստում, քարոզելով հավատացնում էր, որ հարուստներից կվերցնի ունեցվածքը և կբաժանի աղքատներին, քանի որ հարուստները տարիներ շարունակ անարդարացիորեն թալանել էին այդ նույն աղքատներին։
Հարյուր հազարավոր մարդիկ հիանում էին նրանով, ընդհուպ երկրպագում, քանի որ նրան հաջողվեց իր անձի պաշտամունքի մակարդակի հասնել։ Դա հնարավորություն տվեց նրան բոլոր հանցավոր գործերը անել ժողովրդի անունից։ Երկրի ղեկավարի աթոռը զավթելու օրվանից, երկիրը շարունակ գտնվում է ցնցումների մեջ, քանի որ առաջին օրվանից քաղաքական հետապնդումներ է իրականացնում «հակահեղափոխականների» նկատմամբ, մտացածին մեղադրանքներով ձերբակալում իր բոլոր ընդդիմախոսներին, նրանց ծեփում պատերին, փռում ասֆալտին։ Բայց եթե նույնիսկ ընդդիմադիրները բանտերում են, միևնույն է նրա աչքին ամենուր և ամեն ոք դավադրություններ ու դավադիրներ են։ Նա սիրում է իր սուպերվարչապետական իշխանությունը, սիրում է վայելել այդ իշխանության բարիքները։ Նա սիրում է ուտել և խմել։ Բայց անգամ իշխանության հասնելուց 3 տարի անց, այդպես էլ գլխում չի կարողանում հաղթահարել աղքատությունն ու ագահությունը։ Նա երկրի գանձարանից միլիոնավոր դոլարներ է ծախսում իր իշխանության գեղեցիկ փաթեթավորման վրա՝ շքեղ զրահապատ մեքենաներ, վերանորոգված կառավարական ամառանոցներ, զինված դիմակավորված թիկնապահներ և այլն։
Բայց երկրում գործերը լավ չեն, չնայած որ դա նրան քիչ է հետաքրքրում։ Տնտեսությունը կոլապսի մեջ է, կառավարման համակարգում քաոս է ու անիշխանություն։ Ոչ մի պետական մարմին արդյունքին միտված չի աշխատում, բանակը, դատական համակարգը նրա հարձակումներից կաթվածահար վիճակում են։ Բայց նա շարունակում է պնդել, որ ամեն ինչ հանուն ժողովրդի է, ժողովրդի ցանկությամբ և պատվերով։ Սիրում է անընդմեջ շեշտել, որ ժողովուրդն իր հետ է, բայց ի սկզբանե մենակ է եղել։ Նրա կողքին առհասարակ ընկերներ չկան։ Նա չունի ընկերներ, քանի որ ասում են, թե տեսակով վախկոտ մարդն ընկեր չի ունենում։ Իսկ ով կա՝ նրա ընկերները չեն, այլ պաշտոնյաներ են ընդամենը։ Նա, առանց վարանելու «մատաղ կանի» իրենից հետո շարված զրոներին, քանի որ սիրում է միշտ պատասխանատվությունը դնել ուրիշների վրա։ Ինչ խոսք՝ նա հեռանալու է հետևից թողնելով պատերազմում պարտված, աղքատ, ավերված տնտեսությամբ հազիվ գոյատևող երկիր, որի գոյությունն անգամ այսօր վտանգի տակ է դրված։ Ու այն նույն ամբոխը, որը հրապարակներում, փողոցներում, նույնիսկ Եռաբլուրում վանկարկում էր նրա անունը, հագնում էր նրա անունով շորեր, խմում նրա պատկերով օղի, նրանց է փնտրելու՝ պատասխան ուզելու կորսված հայրենիքի տասնյակ հազարավոր զոհերի, վիրավորների ու անհետ կորածների համար, մարդկանց հույսերն ու հույզերը խորտակելու համար։
Կարեն Դանիելյան