Շատ կարևոր է Իրանի հետ լավ հարաբերություններ պահպանել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՂրիմում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ հայտարարվեց, որ Արցախը իսլամի տարածք է, իսկ ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին կրկնել է Արցախի հայկական օկուպացիայի պնդումները։ Այս ամենից հետո էլ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարաները հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ։
— Պարոն Վարդանյան, վերջին զարգացումներից հետո, ինչպե՞ս եք գնահատում այս հեռախոսազրույցը։
— Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցները շատ կարևոր են և տարածաշրջանային ներկա իրավիճակում և կարևոր է այն առումով, որ ներկայումս գործընթացներ են տեղի ունենում Հայաստանի սահմանների գրեթե ողջ երկայնքով թուրք-ադրբեջանական ուժերի կողմից։ Եվ այստեղ շատ կարևոր է այս անվտանգային իրավիճակում Իրանի՝ մեր հարևան և բարեկամ երկրներից մեկի հետ, գոնե սերտ և լավ հարաբերություններ պահպանելը և հարցերի քննարկումը, որովհետև մենք ունենք մի շարք հարցեր, մի շարք խնդիրներ և համատեղ մարտահրավերներ, որոնց շուրջ կարելի է համագործակցել։ Մասնավորապես, տեսեք ահաբեկչության խնդիրը՝ տարածաշրջանը գտնվում է ահաբեկչական ուժերի ներքո, որոնք գտնվում են Ադրբեջանում և Արցախի օկուպացված տարածքներում։ Իսկ Արցախի այդ օկուպացված տարածքները գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության սահմանագծում։ Այդ մասին Իրանի ԱԳ նախարարը որոշ ժամանակ առաջ խոսել է Մոսկվայում։ Եվ հիմա շատ կարևոր է այդ խոսակցությունը, որովհետև գոնե ահաբեկիչության դեմ պայքարում կա համատեղ դաշտ, որտեղ կարելի է աշխատել եռակողմ ձևաչափով՝ Հայաստան, Ռուսաստան, Իրան։ Եվ դա շատ կարևոր է, որ մենք ի վերջո կարողանանք ստեղծված իրավիճակում որոշ չափով հակաթուրքական, հակաադրբեջանական ալյանս ձևավորել։ Ինչ վերաբերում է այդ կոնֆերանսին, ապա այդ հայտարարությունների շուրջ պետք է համապատասխան մարմինները և գերատեսչությունները կարծիքներ հայտնեն և խոսեն, մանավանդ, որ վերջին շրջանում այնպես է ստացվել, որ Հայաստանն իր գործողություններով չի նպաստում, և բացահայտ ցույց է տալիս, որ կարծես թե մենք դադարել ենք Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց և մենք չենք էլ զլանում դա ցույց տալ դրսի ուժերին և եթե մենք ենք այդ ամենը ցույց տալիս, ապա ինչպես պետք է պահանջենք, այլ երկրներից, այս դեպքում Իրանից, որ նման կոնֆերանսներ չանեն։ Իհարկե, շատ վատ է, որ կոնֆերանսում նման հարցեր են քննարկվել, բայց նաև պետք է հասկանանք, թե ինչ է քննարկվել այդ կոնֆերանսի ժամանակ և այդ կոնֆերանսի ժամանակ առաջին հերթին քննարկվել են այս ահաբեկչության խնդիրը, ահաբեկիչների ներկայությունը Իրանում և որքանով, որ ես տեղյակ եմ այդ կոնֆերանսի ժամանակ Հայաստանի մասին որևէ քննարկում չի եղել։ Ի վերջո, Հայաստանն էլ կարող է նման գիտաժողովներ կազմակերպել և ոչ թե մշտապես հետևենք, կամ մշտապես կրկնօրինակենք Բաքվի գործողությունները։ Ես էլի եմ ասել, բայց հիմա էլ կասեմ, որ մի երեք տարի առաջ Բաքուն էր կրկնօրինակում մեր գործողությունները և ինքն էր փորձում հասնել մեզ և կարծես թե իրավիճակ փոխվեց և այդ իրավիճակ փոխվելու արդյունքում էլ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։
—Կարելի՞ է ենթադրել, որ Իրանը փոխել է իր չեզոք վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։
— Ոչ, Իրանը չի փոխել իր չեզոք վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, որովհետև իրականում այդպես չէ, և Հայաստանի նկատմամբ որևէ վերաբերմունք չի փոխվել։
Սոնա Գիշյան