Սերժ Սարգսյանի հարցազրույցը ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտ էր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄարտ ամսից ուժի մեջ է մտնում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ` պարզելու համար, թե համաձայնագիրը ինչ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։
—Պարոն Բաղդասարյան, այս համաձայնագիրը ի՞նչ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։
— Դե այդ համաձայնագիրը հնարավորություն է ստեղծում, որ ավելի արագորեն ինտեգրվենք եվրոպական կառույցներին և հնարավոր է նաև տնտեսական համագործակցության լավ հեռանկարներ ունենալ։ Չեմ կարծում, որ դա կլինի անմիջապես, շատ արագ։ Պարզապես սա կարևոր քայլերից մեկն էր։
—Իսկ կարո՞ղ ենք ասել, որ հայ-եվրոպական հարաբերությունները սրանով նոր փուլ են թևակոխում։
— Իհարկե, դա նախապես պլանավորված, ճանապարհային քարտեզի կարևորագույն քայլերից մեկն է։ Այսինքն մենք նոր փուլ թևակոխելու ճանապարհին ենք։
—Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում Արցախի հարցում կրած պարտության համար մեղադրել է այս իշխանություններին, և ասել է, որ ինչ տեղի է ունեցել 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր։ Միաժամանակ, Սերժ Սարգսյանը խոսում էր այն մասին, որ իր պաշտոնավարման տարիներին ավելի հայանպաստ դրույթներով են բանակցել։ Ի՞նչ ուղերձներ ունի Սերժ Սարգսյանի հարցազրույցը, և ինչո՞ւ նա որոշեց խոսել այս փուլում։
— Խոսեց, որովհետև իրականում բավականին շատ հարցեր էին կուտակվել, օդում կախված հարցեր էին և նա պետք է խոսեր այդ մասին, պետք է արդարանար։ Պետք է արդարանար, որովհետև իր հասցերին հնչող, իր կառավարման տարիների վերաբերյալ շատ էին վատ գնահատականները, և նա փորձեց բացատրություններ տալ, որում կային նաև հակասական բացատրություններ։ Օրինակ, անհասկանալի մնաց այն, եթե բանակցությունները այդ հարցերով էին, ապա ինչո՞ւ նրանց չէր հաջողվում իրականացնել, մի խոսքով հարցեր իսկապես շատ կային։ Ըստ էության այդ պատասխանները նորմալ էին և միաժամանակ նաև ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտ էր, որովհետև եթե ոչ ինքը անձամբ, ապա ՀՀԿ-ն բնականաբար ստիպված կլինի ակտիվանալ, իսկ դա առանց կուսակցության ղեկավարի պարզապես հնարավոր չէր լինի։
Սոնա Գիշյան