Ես ընդամենը մի հարց ունեմ Սերժ Սարգսյանին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱյսօր եթեր կհեռարձակվի ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա խոսել է կապիտուլյացիայի պատճառների, ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումների, ապագային միտված ծրագրերի մասին: Անձամբ ես անպայմանորեն նայելու եմ հարցազրույցը, ինչպես նայում եմ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները, Լևոն Տեր-Պետրոսյանինը, Նիկոլ Փաշինյանինը: Այս ժամանակահատվածում այս մարդկանց խոսքին հետևելը չափազանց կարևոր է մեր երկրում քաղաքական գործընթացների տրամաբանությունը և ուղղությունները որսալու համար, ապա նաև 2018թ-ից առ այսօր տեղի ունեցող գործընթացների մութ խորքերը բացահայտելու համար: Սերժ Սարգսյանը միշտ քչախոս է եղել, մամուլի հետ քիչ է շփվել: Եվ այս հարցազրույցը լավ հնարավորություն է նրանից լսելու բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք կարող է տալ միայն ինքը: Իհարկե, մենք մինչ այսօր տեսել ենք հարցազրույցի անոնսը, որտեղ հետաքրքրական մի քանի հարցերի անդրադարձ կա: Ավելի մանրամասն վերլուծականներով հանդես կգանք վաղվանից, երբ լսենք Սերժ Սարգսյանի մեկնաբանություններն ամբողջովին: Բայց մինչ այդ մի քանի դիտարկում:
Սերժ Սարգսյանն ասում է, որ այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի հարաբերություններին՝ ՀՀ 3-րդ նախագահն ասում է.
«Եթե Ալիևի քայլերը կապիտուլյանտը համարում է կառուցողական, ապա նա պետք է բացատրի՝ այդ ո՞ր քայլերը՝ ռազմական գործողություններ սկսե՞լը, թե՞ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ են եղել, թե՞ ինչ-որ գաղտնի խոստումներ են տվել իրար»:
Իշխանության գործողությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանն ասում է.
«Երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքեբրումներից և սկսեցին Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, արդեն ինձ համար հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, որ մենք գնում ենք դեպի պատերազմ»:
Հարցին, թե լայնորեն տարածված վարկած կա, որ ՀՀ վարաչպետը Ձեր պրոյեկտն է, դա այդպե՞ս է, թե ոչ, Սերժ Սարգսյանը պատասխանում է.
«Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի: Ինձ կանգնեցրել էին ցուցվանգի առջև»:
Այս կարճ հարցերի բացվածքները կլսենք այսօր: Բայց ես ոչ միայն որպես վերլուծաբան, այլև որպես ՀՀ քաղաքացի ուզում եմ Սերժ Սարգսյանին մի հարց տալ: Բայց մինչ այդ մի կարևոր արձանագրում անենք:
«Մերժիր Սերժին» օպերացիան բոլոր իմաստներով աղետ բերեց մեր երկրի գլխին: Դա արդեն անհերքելի փաստ է: Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ամեն ինչ հարթ է եղել, բնավ, նույնիսկ այնքան քննադատելու բան կա, որ տասնյակ հոդվածներ կարող ենք գրել: Բայց մի բան անհերքելի է՝ Սերժ Սարգսյանը մեր երկիրը պարտության չի տարել, մեր հայրենիքի 25 տոկոսը չի կորսել, մեր ազգային արժանապատվությունը գետնով չի տվել, թուրքի ոտքերի տակ մատաղ չի արել: Այս և այլ հարցերի մասին դեռ առաջիկա շաբաթվա մեջ կխոսենք: Հիմա հարցս՝ պարոն Նախագահ, դո՞ւք եք մեղավոր, որ այսօր կա Նիկոլ Փաշինյանը, որովհետև դուք թույլ տվեցիք նրան Գյումրիից քայլելով հասնի Երևան ու մերժելով ձեզ՝ աղետ բերի մեր գլխին: Լավ, էղածն էղած է, քարը գլուխը: Հիմա՝ դուք կարո՞ղ եք լինել «մեղավոր», որ վաղն այլևս չլինի Նիկոլ Փաշինյանը, քանի որ դա այլևս ազգային անվտանգության խնդիր է: Հարցերի հարցը սա է, մնացածը երկրորդական բաներ են:
Կարեն Դանիելյան