Ինչ ախտանշաններով է դրսևորվում հետքովիդային համախտանիշը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսի համավարակի ֆոնին հետքովիդային համախտանիշը դարձել է բավական տարածված խնդիր, մինչդեռ մարդիկ ոչ միշտ են ուշադրություն դարձնում այս խանգարմանը, քանի որ ոչ բոլորն են ինքնազգացողության վատթարացումը կապում արդեն բուժված կորոնավիրուսային վարակի հետ։ Սա պայմանավորված է նրանով, որ այս համախտանիշի ախտանշանների մասին ոչ բոլորը գիտեն, ուստի դրանց ի հայտ գալու դեպքում մարդիկ չեն էլ մտածում միջոցներ ձեռնարկելու մասին։
Ռուս գիտնական Իգոր Նիկիտինի խոսքով՝ հետքովիդային համախտանիշը խանգարումների համալիր է, որը զարգանում է COVID-19-ի հետևանքով ու դրսևորվում է ինքնազգացողության վատթարացմամբ։ Ընդ որում՝ այս դեպքում վատ ինքնազգացողությունը պահպանվում է բուժվելուց հետո դեռ շատ երկար ժամանակ, ինչի հետևանքով էլ մարդիկ հազվադեպ են այն կապում վարակի հետ։
Ինչպես ընդգծում է մասնագետը, այս համախտանիշին բնորոշ է կենտրոնական նյարդային համակարգի, ինչպես նաև ծայրամասային նյարդային համակարգի ախտահարումը։ Օրինակ՝ կարող են նկատվել ջերմակարգավորման խանգարումներ ու առատ քրտնարտադրություն, ինչպես նաև կենտրոնանալու անկարողություն։
Բացի այդ, հետքովիդային համախտանիշի հիմնական ախտանշանների շարքին է դասվում նաև գերհոգնածությունը, որի դեպքում սաստիկ հոգնածություն է նկատվում անգամ չնչին ծանրաբեռնվածության դեպքում, որը նախկինում որևէ խնդիր չէր առաջացնում։
Հետքովիդային համախտանիշի մասին կարող են հուշել նաև ընկճախտը, սրտի ու անոթների աշխատանքի խանգարումներն ու երիկամների աշխատանքի փոփոխությունները։ Նիկիտինի խոսքով՝ նման ախտանշանների ի հայտ գալու դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին, որպեսզի նա մանրակրկիտ զննում իրականացնի ու նշանակի անհրաժեշտ միջոցներն օրգանիզմի վերականգնման համար։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru