Ամենուրեք գնաճ է․ ո՞ւր է հին Նիկոլը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՇատերս ենք հիշում, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր և ներկայանում էր՝ իբրև ժողովրդի հոգսերով մտահոգ պատգամավոր, հաճախ էր ԱԺ ամբիոնն օգտագործում թանկացումների վերաբերյալ բուռն ելույթներ ունենալու և իշխանությունների հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար։ Այսօր էլ հավանաբար շատերը հիշում են նրա հայտնի ելույթը կարագի ու խառը կանաչու վերաբերյալ։ «Կարագը թանկացել է, խառը կանաչի կերեք»,- ցածր գնաճի վերաբերյալ այն ժամանակվա իշխանությունների արդարացումներին ի պատասխան՝ հեգնում էր նա։
Կարող ենք արձանագրել, որ հիմա գնաճը Հայաստանում շատ ավելի բարձր է, բայց Նիկոլ Փաշինյանն այլևս չի հիշում կարագի ու խառը կանաչու պատմությունը։ Ընդհանրապես չի խոսում թանկացումների մասին։ Չի խոսում նաև այն մասին, որ հիմա մարդկանց եկամուտներն ավելի դանդաղ են ավելանում, եթե, իհարկե, ավելանում են, քան գնաճը, ու դա նշանակում է, որ հասարակությունը գնում է համատարած աղքատացման ճանապարհով։ Ակնհայտ է, որ նաև դա է պատճառը, որ մարդիկ լքում են երկիրը, որովհետև Փաշինյանի խոստացած աշխատատեղերն այդպես էլ չստեղծվեցին։ Լքում են, որովհետև ապրելու և աշխատելու, եկամուտներ ստանալու հնարավորություններ չկան։ Վերջին ամիսներին գնաճը Հայաստանում կտրուկ ակտիվացել է։ Հունվարին կազմել է 4,5 տոկոս։ Խոսքը տասներկուամսյա գնաճի մասին է։ Դժվար է հիշել նույնիսկ, թե վերջին անգամ Հայաստանում երբ էր գնաճի նման բարձր մակարդակ արձանագրվել։
Փաստ է այն, որ մարդկանց եկամուտները ցածր են, բայց գնաճի տեմպը շատ ավելի բարձր է։ Դա երևում է հատկապես սննդամթերքի դեպքում։ Պաշտոնական տվյալներով՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների միջին գները Հայաստանում վերջին մեկ տարում բարձրացել են 6,4 տոկոսով։ Ոչ պակաս լայն սպառման ապրանքների, մասնավորապես՝ ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գնաճն այլևս երկնիշ է։ Մեկ տարում դրանք թանկացել են 10,8 տոկոսով։ Գնաճը զսպելու համար վերջին ամիսներին ԿԲ-ն ակտիվացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքը, որը կիրառում է նման պայմաններում և փողի թանկացման միջոցով փորձում է ազդել գնաճի վրա։ Միանշանակ է, որ թանկացումների վրա, ինչպես միշտ, շատ ավելի էական ազդեցություն ունի ազգային արժույթի արժեզրկումը։ Դրամը վերջին երեք ամիսներին թուլացել է առնվազն 35 նիշով կամ 7-8 տոկոսով։
Սա բերել է՝ ինչպես ներմուծվող, այնպես էլ՝ ներսում արտադրվող բազմաթիվ ապրանքների գների արհեստական բարձրացումների ու սոցիալական լարվածության մեծացման։ Որքան էլ գնաճը շարունակում է մնալ թիրախային ցուցանիշների տիրույթում, դա չի նշանակում, թե այն սոցիալական հատվածի համար ռիսկեր չի ստեղծում։ Ամփոփելով ընդգծեք, որ ՀՀ տնտեսական շուկայում գնաճն ամենուրեք է և ոչ մի նշանակություն չունի՝ թանկացումները, որ տեղի են ունենում մեր երկրում, հիմնավորվա՞ծ են, թե՞ ոչ։ Եթե չեք կարողանում պայքարել թանկացումների դեմ, ապա պետք է մտածեք մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին։ Սա է իշխանության պարտականությունը, որի մասին, սակայն, նրանք ոչ միայն մոռացել են, այլև չեն էլ ուզում լսել։
Անդրանիկ Կիրակոսյան