Ֆեյք օրակարգ՝ ռեալ իրականությունում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՕրերս ԱԺ արտահերթի ժամանակ իշխանական պատգամավոր Հայկ Գևորգյանը խոսեց ՀՀ-ից վերջին մի քանի տարիների տեղի ունեցած արտագաղթից։ Փաստորեն, ըստ ՔՊ կարկառուն ներկայացուցիչ, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի տնտեսական լրագրողի, այսպես կոչված «հեղափոխությունից» հետո Հայաստան է վերադարձել 40 հազար մարդ, չհաշված 2020 թվականը։ Եթե համառոտ, ապա դա վերոնշյալ թերթի ոճի հերթական սուտն է, որպիսիք տարիներին շարունակ մատուցել է վերոնշյալ անձը։
Իրականությունն այլ է։ Ըստ էության, անհասկանալի է, թե ի՞նչ ասել է 40 հազար մարդ է վերադարձել։ Դա Հայաստան եկածների և Հայաստանից մեկնողների տարբերությո՞ւնն է, թե մեկ այլ բան։ Բնականաբար, նախկին տնտեսական լրագրողը դա չի հստակեցնում։ Այս առումով ևս Հայկ Գևոգյանը խելոք աշակետի պես կրկնօրինակում է կեղծիքի մեծագույն ասպետ, իր երկարամյա «շեֆին»։ Ինչ վերաբերվում է իրական տվյալներին, ապա դրանք բնականաբար կապ չունեն հայտարարված թվի հետ։ Այսպես, վիճակագրական կոմիտեի համաձայն, թե՛ 2018թ․-ին, թե՛ 2019թ․-ին Հայաստանից մեկնողների և Հայաստան մուտք գործող ՀՀ քաղաքացիների տարբերությունը եղել է բացասական։ Այսինքն, ավելի շատ մեկնել են Հայաստանից, քան՝ ժամանել։ Մասնավորապես 2018 թ․-ին Հայաստան մտնողների և Հայաստանից մեկնողների բացասական տաբերությունը կազմել է 4585 մարդ, իսկ 2019 թ․-ին՝ 6529 մարդ։ Այսինքն, վերոնշյալ երկու տարում Հայաստանից ավելի քան 11 հազարով շատ մարդ է հեռացել, իսկ 40 հազար վերադարձածը որևէ ցուցանիշի մեջ գոյություն չունի։ Միանշանակ զարմանալի չէ Գևորգյանի հերթական սուտը՝ նրա վարչապետը և նրա նմանները մեզ պարտության են տարել, Արցախ են կորցրել, հազարավոր երիտասարդների են զոհել, Հայաստանի անվտանգությունն են սպառնալիքի տակ դրել, բայց շարունակում են ապրել առանց մեղքի զգացումի։
Անդրանիկ Կիրակոսյան