«Ո՞վ չի ուզում Պատրոն Դավոն լավ ըլնի»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀետաքրքիր բացահայտումներ են տեղի ունենում այս օրերին: Պատրոն Դավիթին հիշում ենք, ով, ըստ տարբեր լուրերի, ՀՀ ՊՆ-ի միջոցով անօրինական զենքի առևտրով և փողերի լվացմամբ է զբաղվել: Եվ ահա, ՀՀ ԱԱԾ-ն պարզվել է, որ Դավիթ Գալստյանը ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ: Այնուհետև, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը ՊՆ-ին է մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են, մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող լեռնային հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրներ: Այստեղ պարզ է ամեն բան: Այժմ մյուս դեպքը:
ՀՀ ԱԱԾ-ն պարզել է, որ ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերության անվամբ Արաբական Միացյալ Էմիրություններից «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ՀՀ է ներմուծվել և հայտարարագրվել է 148.535 ԱՄՆ դոլար հաշիվ ապրանքագրային արժեքով 1776.84 մետր կարատ քաշով մշակված ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 72.014.112 ՀՀ դրամ, այնինչ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ընկերության կողմից վերոգրյալ հայտարարագրով ՀՀ ներմուծված և փորձագետի կողմից 18.09.2020 թվականի դրությամբ հետազոտված ադամանդների շուկայական արժեքն ավելին է, քան 420.000.000 ՀՀ դրամը, որի արդյունքում պետությանը պակաս է հաշվարկվել և վճարվել առանձապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարներ: Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետը: Շատ կարճ այս երկու դեպքի մասին:
Երկուսի մասով էլ մամուլում տարուց ավել է խոսվում է, թե՛ Միքայել Մինասյանի, թե՛ այլ աղբյուրների կողմից փաստաթղթեր հրապարակվեցին: Բայց ոչինչ տեղի չունեցավ: Մենք պատերազմ պարտվեցին նաև այս ամենի պատճառով ու հիմա քրական գործ է հարուցվում Պատրոն Դավիթի նկատմամբ: Հետաքրքիր է, որ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը անցնո՞ւմ է քրեական գործով, թե ոչ: Թե չէ մի տեսակ ոզնին էլ չի հավատա, որ Պատրոն Դավիթն ինքնուրույն է գլուխ բերել այդ գործը: Ինչ վերաբերում է ադամանդի գործին:
Դա, ըստ երևույթին, նույն այն ընկերությունն է, որի բացմանը մասնակցեց Նիկոլ Փաշինյանը: Արդյո՞ք կարող էին ինչ-որ գործարարներ առանց բարձր հովանավորության նման գործեր գլուխ բերել: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տրվեն հանրությանը, հակառակ դեպքում կստացվի, որ զոհաբերվում են յուրայիններ նախ շղարշ ապահովելու համար, թե տեսեք-տեսեք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, և երկրորդ՝ զոհաբերվում են մարդիկ այլ՝ ավելի խոշոր «ձկներին» փրկելու համար:
Կարեն Դանիելյան