Պետություն թե՞ խմբագրապետություն
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱյսօր հստակ ունենք մի իրավիճակ․ փաստ է, որ այս իշխանության ապաշնորհ քաղաքականության պատճառով կորցրինք Արցախի մեծ մասը, տվեցինք հազարավոր զոհեր, գերիներ, ունենք հազարավոր հաշմված երիտասարդներ: Արդեն վտանգված է ՀՀ-ն իր սահմաններով, իր պետականությամբ: Նոր պատերազմը յոթ սարի ետևում չէ. Կարսում կայանալիք թուրք-ադրբեջանական զորավարժություններն ու թշնամու առջև խեղճի կեցվածք ընդունած Նիկոլ Փաշինյանը դրա վկայությունն են: Սակայն հասարակությունը, կարծես թե, խորը նիրհի մեջ է, չի ուզում ընկալել իրականությունը, չի ուզում ընդունել, որ Փաշինյանի իշխանությունն ուղղակի չարիք է Հայաստանի և հայերի համար, ու նրա հեռանալը պարզապես կենսական անհրաժեշտություն է: Եվ ցանկացած խնդրի, եղած ու սպասվելիք արհավիրքի մասին լսելիս շատերն արձագանքում են` բա լա՞վ էր, որ նախկինները «կերան, թալանեցին, ծախեցին, աթոռակռիվ նախկինները չգան»:
Ակնհայտ է, որ հասարակությունը կորցրել է իրականության զգացումը: Այո, նախկիններին շատ բաներում կարելի է մեղադրել, բայց այն, ինչ արեց Փաշինյանն Արցախի ու ՀՀ պետականության հետ, նախկիններից ոչ մեկը չի արել։ Երբ փորձում ես հասկանալ, թե, ինչպես Փաշինյանի ուսապարկերից մեկն էր ասել, շարքային պողոսն ինչու է այդքան վառված նախկիններից և Փաշինյանի ո՞ր արածից է այդքան գոհ, հասկանում ես, որ պողոսն էլ գոհ չէ Փաշինյանից, բայց վախենում է կամ ամաչում խոստովանել՝ լոռեցիք մի լավ խոսք ունեն՝ «էշին նստելը մի այիբ է, իջնելը` երկու» մտածողությամբ: Եվ բնականաբար կարևոր չէ, որ էշը, որին սխալմամբ նստել է, գնացել հասել է անդունդի եզրին և ուր որ է` գլորվելու է, պողոսն էլ` հետը: Պողոսը չի կարողանում իր մեջ հաղթահարել և ընդունել սխալված լինելու փաստը: Ակնհայտ է, որ Պողոսը վախենում է հաշվեհարդարից, վախենում է, որ կկորցնի իր «իշխանությունը» տեղական ֆեոդալի, գյուղապետի, մարզային «նախկինի» նկատմամբ, որը «հեղափոխությունից» հետո մի քիչ խելոքացել է ու պողոսի հետ զգույշ է վարվում: Բա որ իր տեղական «նախկինը» վերադառնա ու իր հետ հաշվեհարդա՞ր տեսնի` 2018-ի համար:
Արցախյան երկրորդ պատերազմի իշխանական բացատրությանը պողոսը հավատում է, հավատում է, որ նոյեմբերի 9-ի ստորացուցիչ հայտարարությունը Փաշինյանը ստորագրել է, որպեսզի 20-30-35 հազար զինվորի կյանք փրկի: Դրանից բաց Պողոսը վստահ է, որ դրանով Փաշինյանը փրկեց իր ու իր որդու կյանքը: Պողոսը վստահ է, որ եթե նախկինները գան, նորից պատերազմ են սկսելու, ու նորից զոհեր ենք ունենալու: Պողոսը չի ուզում ընդունել, որ պարտված Փաշինյանի մնալով է պատերազմի վտանգն իր գլխին կախված, եւ արդեն ՀՀ տարածքում ու ավելի վատ հետեւանքներով: Պողոսը չի ուզում հասկանալ, որ Փաշինյանն առանց պատերազմի էլ է հայերի տները, գյուղերը տալիս թուրքին, թուրքն էլ որտեղից ու երբ ուզի` հայերից գերի է տանելու, սպանելու է, քանի դեռ երկիրն անտեր է, ավելի ճիշտ` Փաշինյանի ձեռքին։
Անդրանիկ Կիրակոսյան