Ծանոթ ու միաժամանակ անհայտ` «Սովետական շամպայն»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծ սերնդի մարդիկ շատ լավ են հիշում, թե ինչ ուտեստներ են ավանդական եղել Նոր տարվա սեղանին խորհրդային մարդկանց համար: Իհարկե, դա մանդարինն է, օլիվիե աղցանը, լիմոնադը, Հայաստանում հաստատապես տոլման և այլն: Իսկ ալկոհոլային խմիչքներից, անկասկած, այդ տոնի ամենատարածված խմիչքներից մեկը եղել է «Սովետական շամպայն»-ը: «Սովետական շամպայն»-ի պատմությունը սկսվել է ոչ այնքան վաղուց, բայց այն արդեն շատ իրադարձային է: 1924 թվականին ԽՍՀՄ-ում չոր օրենքի չեղարկումից հետո խնդիր է առաջացել բնակչության համար մատչելի և համեղ ըմպելիքներ ստեղծել: Պետք էր այնպիսի խմիչք, որը կարող էր սպառվել բոլորի կողմից` անկախ եկամուտներից: Ուստի կառավարության ղեկավարներից մեկի՝ Ալեքսեյ Ռիկովի նախաձեռնությամբ որոշվել է հանձնարարել գինեգործներին լուծել այդ խնդրը:
Անհրաժեշտ է եղել ստեղծել էժանագին, համեղ փրփրուն գինու բաղադրատոմս: Դա արել է շամպայնի և փրփրուն գինիների հայտնի խորհրդային մասնագետ Անտոն Միխայլովիչ Ֆլորով-Բագրեևը, որը ահռելի ավանդ ունի ԽՍՀՄ-ում գինեգործության զարգացման գործում: Նա իր ոլորտի գործունեության մեծ փորձ է ունեցել, քանի որ այցելել էր շատ երկրներ և պարզել արտասահմանյան շատ գինիների պատրաստման գաղտնիքները: Ֆլորով-Բագրեևը նաև աշխատել էր Աբրաու-Դյուրսոյում փրփրուն գինիների արտադրությունում` որպես առաջատար գինեգործ:
Գինեգործը իր ամբողջ գիտելիքներն է ներդրել կուսակցության առաջադրած խնդիրը լուծելու համար: Նա ստեղծել է շամպայն ստանալու սարք, որը կոչվում էր «Ֆլորով-Բագրեևի համակարգի ակրատոֆոր»: Դրանում խմիչքի ստացման համար խաղողահյութը խմորվում էր 28 օր, այնուհետև սառեցվում, և միայն դրանից հետո էր պատրաստի շամպայնը շշալցվում: Ամբողջ գործընթացի տևողությունը ոչ ավելի է, քան մեկ ամիս: Բայց այս շամպայնի ստացման եղանակը ուներ իր թերությունը: Նման երկարատև խմորման ընթացքում շամպայնի նուրբ բույրն ու համը այն չէր դառնում ինչ պետք է: Բայց, մյուս կողմից, պատրաստի արտադրանքը էժանացել է, ինչը-որ պլանավորված էր իրականացնել: Այսպիսով, խնդիրը լուծվել է:
Արդյունքում 1937 թվականին հայտնվել է «Սովետական շամպայն»-ի առաջին խմբաքանակը, իսկ զանգվածային արտադրությունը սկսվել է միայն երկու տարի անց: Ներկայումս էլ հետխորհրդային տարածքներում շամպայն հիմնականում պատրաստվում է` ըստ նույն տեխնոլոգիական գործընթացի, ինչպես պատրաստվել է «Սովետական շամպայն»-ը, բայց, իհարկե, ներկայումս այն տարբեր անուններ ունի: «Սովետական շամպայն»-ը իր արժանի տեղն է զբաղեցրել գինեգործության պատմության մեջ և իրավամբ կարող է համարվել հետխորհրդային երկրների մշակույթի մի մասը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը