Նիկոլի քմահաճույքներն ու իրականությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀՀ շուրջ երկուսուկես տարվա հեղափոխական էյֆորիայով տարված հասարակության այսպես կոչված առաջադեմ հատվածներից մեկը՝ իրավապաշտպան հանրությունը, սկսել է արթնանալ վերջին երկու և կես տարվա լեթարգիական քնից: Չէ, իրականում այդ հանրությունն ամբողջությամբ քնած չէր, սակայն դեռևս չէր ձերբազատվել «նախկինների» դեմ իրենց բուռն պայքարից, և անտեսում էր «ժողովրդավարության բաստիոնի» իշխանավորների հակասահմանադրական, իմա՝ հակօրինական, և ի վերջո՝ հակաժողովրդավարական վարքագիծը: Ըստ էության, «արթնացման» պատճառը ոչ թե «Նիկոլ Փաշինյանի կամ նրա մերձավոր շրջապատի վարքագիծն է, այլ նիկոլի շնորհիվ պարտված պատերազմից հետո առաջ եկած «Հայրենիքի փրկության շարժման» անդամների ելույթները:
Իսկ ի՞նչ են ասում շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանն ու մյուսները: Ասում են, որ Նիկոլը պետք է հեռանա, որպեսզի ձևավորվի նոր՝ ժամանակավոր կառավարություն, և վերջինս իր ձեռքը վերցնի երկիրն անդունդից հանելու ծանրագույն խնդիրը և կարողանա առերեսվել արտաքին աշխարհի և այդ թվում՝ մեր թշնամիների հետ: Սակայն քանի որ Փաշինյանը, թքած ունենալով երկրի ճակատագրի վրա, չի ցանկանում կտրվել աթոռից, ապա հանրապետության ոչ թե «հպարտ», այլ իրապես գիտակից քաղաքացիներին մնում է բոլոր սահմանադրական մեթոդներով «օգնել» նրան դա անելու: Ահա և հենց այստեղ է, որ հանկարծ լեթարգիական քնից արթնացած «պաշտոնական» իրավապաշտպանները սկսում են աղմուկ բարձրացնել՝ ինչպես կարելի է բռնության կոչեր հնչեցնել ընդդեմ ժողովրդի իշխանության և նրա ղեկավարի:
Եվ այստեղ է, որ մարդ ընկնում է մտածմունքի մեջ՝ ո՞վ կարող էր պատկերացնել, որ արևմտյան արժեքային համակարգի ծնունդ իրավապաշտպանությունը կարող է վերածվել ժողովրդավարությունը «պոլի փալաս» դարձրած իշխանության գործունեության աջակցության գործոնի: Ի դեպ, հանրային հեռուստատեսությամբ Փաշինյանի վերջին հարցազրույցում անդրադարձ է եղել հենց բռնության կոչերին և Վազգեն Մանուկյանի միանշանակ ուղերձին՝ «Նիկոլը պետք է հեռանա»: Ի պատասխան՝ Փաշինյանը բարձրաձայնել է իր պատմական մտքերից մեկը՝ «Հեղաշրջման սցենարները պետք է բացառվեն»: Այդ արտահայտությունը ենթադրում է, որ ինքը իշխանության է եկել ոչ թե հեղաշրջման միջոցով, այլ ՀՀ Սահմանադրության շրջանակում, ու որպես վարչապետ ևս գործել է նույն շրջանակներում:
Ի վերջո՝ ի՞նչ է ստացվում․ 2018-ի ապրիլյան իրադարձությունները՝ այդ թվում Ռադիոտան դուռ ջարդելը, սահմանադրության շրջանակներում էին, այնուհետև մայիսի 8-ի ԱԺ շենքի պաշարումով վարչապետ նշանակվելը ևս սահմանադրական եղանակով էր, 5 ամիս անց՝ հոկտեմբերի 2-ի գիշերը հերթական անգամ ԱԺ շենքի պաշարելը ևս սահմանադրական եղանակով էր, հաջորդ տարվա մայիսի 20-ին նրա կոչով դատարաններ շրջափակելը ևս Սահմանադրության շրջանակում էր: Եթե այդ ամենը սահմանադրական եղանակով էր, ապա Հայրենիքի փրկության շարժման իրագործած սցենարները մինչ այսօր եղել են «գերսահմանադրական» եղանակով, և իրագործելիքներն էլ կլինեն ճիշտ այդպիսին:
Անդրանիկ Կիրակոսյան