Չկողմնորոշված իշխանությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱյս օրերին Հայաստանում ստեղծվել է իսկական քաղաքական ճգնաժամ, քանի որ շուրջ երկու ամիս է երկրի ներսում անիշխանություն է։ Նիկոլ Փաշինյանը, ինչքան էլ փորձում է տարբեր առիթներով, ներկայացնել, թե ամեն ինչ կարգին է և ՀՀ-ն ապրում է իր բնականոն կյանքով, միևնույն է, փայլուն գիտակցում է, որ քաղաքական դաշտում ակնհայտ տապալված իրավիճակում է։ Ստեղծվել է մի իրադրություն, որ երկրի ղեկավարը ոչ մի լծակ չունի սեփական իշխանությունը պահելու համար, իհարկե, բացի ուժայիններից, որոնք գլուխները կախած առ այսօր իրականցնում են «շեֆի» կարգադրությունները։
Թափթփված իրավիճակ է նաև Փաշինյանի քաղաքական թիմում, քանզի իշխանական ներկայացուցիչներն իրականում չգիտեն իրենց քայլերի հաջորդականությունն ու հետագա անելիքները և շատ հաճախ ուղղակի լռում են տեղի ունեցած դեպքերի մասով։ Սեփական տեսակետը բացահայտ ներկայացնել նրանք չեն կարող, ուստի ստիպված փորձում են հրապարակային տեսակետներ չհայտնել, իսկ հայտնելու դեպքում ցույց են տալիս իրենց քաղաքական դիլետանտությունը։ Նախօրեին իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը, լրատվականներից մեկի հետ հարցազրույցում նշել է․
«Վստահ եմ, որ Հայաստանը ստեղծված իրավիճակում պատրաստ չէ արտահերթ ընտրությունների։ Երկրում դեռևս պահպանվում է ռազմական դրությունը, Արցախում դեռևս չի ավարտվել խաղաղության հաստատման գործընթացը, և պետական կառույցներն ու իրավապաշտպան կազմակերպությունները զբաղված են բանտարկյալների վերադարձով, ինչպես նաև անհայտ կորածների որոնմամբ: Պատերազմի պատճառած բազմաթիվ խնդիրների ֆոնին արտահերթ ընտրությունների անցկացումը ամենախելացի զբաղմունքը չէ»,- նշել է նա:
Հովակիմյանի հայտարարությունից բառացիորեն ժամեր անց Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ֆեյսբուքյան գրառմամբ, ներկայացրեց երկրում ստեղծած քաղաքական կազուսային իրադրությունը և նշել․
«Խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում եմ խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով»։
Ի՞նչ է ստացվում․ իշխանական թիմի ներկայացուցիչը թվարկում է մի շարք պայմաններ, թե ինչու չի կարելի անցկացնել արտահերթ ընտրություն, իսկ Փաշինյանը բացահայտ խոսում է արտահերթի անհրաժեշտության և ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը։ Այստեղ տրամաբանական հարց է առաջանում․ արդյո՞ք քաղաքական իշխանական թիմի ներսում չի քննարկվում իրենց առաջիկա անելիքների ու քայլերի հաջորդականության մասին, որպեսզի նման պարադոքսի առաջ չկանգնեն և օրը ցերեկով խայտառակ չլինեն, թե՞ նրանց համար միևնույնն է, թե՞ ինչ են ասում՝ ուղղակի պետք է լսարանին ականջահաճո տեքստեր ներկայացնել։ Այն փաստը, որ Փաշինյանն ու իր թիմը «իզմեր» չունեն, դրա մասին գիտեինք, բայց, որ քաղաքական «ռասկլադ» չունեն և սպոնտան մտքեր են արտահայտում, դա արդեն ծիծաղելի է․ տղե՛րք, շեֆի հետ մեկ-մեկ կոնսուլտացիա արեք՝ բոլորիդ «փուռն» է տալիս։
Անդրանիկ Կիրակոսյան