ՀՀ քաղաքական օրակարգի բազմաքայլ կոմբինացիան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՓաստացի, հետկապիտուլյացիոն այս գահավիժման օրերին մեր երկրում և, եթե դեռ կարելի է ասել՝ հասարակության ներսում տեղի է ունենում որոշակի սահմանազատում կամ՝ ինքնաբերաբար լյուստրացիա: Եվ Հայաստանի ու հայության համար իսկական չարիք դարձած Նիկոլ Փաշինյանը որքան ավելի է ձգում իր իշխանության չարաղետ տևողությունը, այնքան ավելի հստակ է ընդգծվում սահմանազատումը, այնքան ավելի որոշակի է դրսևորվում նշված լյուստրացիան: Ըստ էության, տվյալ դեպքում նկատի ունենք այն, որ նոյեմբերի 9-ից սկսած, ամեն օր բացահայտվել են կոնկրետ գործիչներ և շրջանակներ, որոնք ինչպես ուղղակիորեն, այնպես էլ՝ անուղղակիորեն աջակցել և աջակցում են Նիկոլ Փաշինյանին, ծառայում են նրան, սպասարկում են նրա ու նրա կորստաբեր «քայլաթմի» խմբակային ու անհատական շահերը: Դա, այո, որոշակի բացահայտում է, որը տեղի է ունենում ինքնաբերաբար, և որից կոշտ ու խիստ հետևություններ պետք է անի Հայաստանի ցանկացած հաջորդ իշխանություն, անկախ այն բանից, թե որ ուժը կգա իշխանության կամ ով կլինի պետության ղեկավարը:
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ժողովրդի թիկունքում, ըստ էության, միանձնյա ստորագրել է Արցախը թշնամուն հանձնելու, ինչպես նաև՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտող ու երկրի, ՀՀ քաղաքացիների կյանքի անվտանգությունը խաթարող խայտառակ և նվաստացուցիչ կապիտուլյացիա, բոլորը ունեին և ունեցել են ընտրության հնարավորություն: Ընտրությունը, ըստ որում, երբեք այդքան պարզ չի եղել, քան նոյեմբերի 10-ից սկսած: Բոլոր նրանք, ովքեր շարունակում են մնալ ու մնում են Փաշինյանի կողքին ու նրա գլխավորած իշխանության մեջ, նույնպիսի կապիտուլյանտ և հողատու են, ինչպես «իրենց սրտի Նիկոլը»: Այս շարքում պետք է առաջին հերթին նշել Փաշինյանի գլխավորած կառավարության բոլոր նախարարներին, այդ թվում՝ նոյեմբերի 9-ից մեկ շաբաթ, 10 օր անց հրաժարական տվածներին: Նաև, իհարկե, փոխնախարարներին: Նաև, բնականաբար, նորանշանակներին: Հաջորդը, իհարկե, Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊԿ-ն է, հարկավ՝ խորհրդանշական հապավմամբ կուսակցության ղեկավար ամբողջ կազմը, գումարած՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ամբողջ կազմը:
Որոշակիորեն «լյուստրացված» են նաև ուժային բլոկի գերատեսչությունների անխտիր բոլոր ղեկավարները, ոստիկանապետ, պաշտպանության նախարար, ԱԱԾ տնօրեն, ԳՇ պետ և այլն: Իրականում հաջորդն այս շարքում Փաշինյանի համար «խաղացածներն» ու «խաղացողներն» են, ի դեմս պայմանական ասած «սոսրոսյուգենդի» ամբողջ կազմի՝ սորոսական սնուցմամբ բոլոր այսպես կոչված՝ ՀԿ-ները: Միաժամանակ, անհրաժեշտ է հետևություններ անել նաև որոշակի քայքայիչ աղանդների ու աղանդապետերի հետ կապված, որոնք ևս բացահայտվեցին: Էական է չմոռանալ ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Սարգսյանի մասին, որքան էլ որ նա, ի վերջո, խոսեց Փաշինյանի հեռանալու անհրաժեշտության մասին, չափազանց շատ հարցեր կան: Քաղաքական ուժերի շարքում լյուստրացիան՝ տվյալ դեպքում ևս շատ պարզ ու արագ տեղի ունեցավ. բոլոր այն «մարդ-կուսակցությունները», որոնք շտապեցին հանդիպել ԱԺ քայլական նախագահ Արարատ Միրզոյանի հետ, հանգիստ կարող են համարվել Փաշինյանի «խաղը տանող»:
Դա անհրաժեշտ կլինի անել ոչ թե ու ոչ այնքան այն պատճառով, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկ ուրիշի հանդեպ չարություն կամ քեն ունի: Ո՛չ: Դա անհրաժեշտ կլինի անել զուտ այն բանի համար, որ Հայաստանը առաջընթացի ինչ-որ շանս ստանա՝ մաքրվելով կամ ազատվելով աղանդավորա-սորոսական, ադրբեջանա-թուրքական բալաստից, որն այդպես հետևողականորեն այս օրերին ակտիվորեն բացահայտեց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը կամ նրանք ինքնաբացահայտվեցին սեփական նախաձեռնությամբ: Դա անհրաժեշտ է նույնքան, որքան անհրաժեշտ է Պետական հատուկ հանձնաժողովով կամ Քննչական հատուկ խմբով կատարվածի քննությունն ու, այսպես ասենք՝ «համազգային քննությունը»:
Անդրանիկ Կիրակոսյան