Իշխանության սուբյեկտայնությունն ու ՄԽ դերը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՕրերս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ի իր ուղերձում ներկայացրեց վերջին օրերի համար, թերևս, ամենակարևորը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման չեղարկումը, որ տեղի էր ունենալու Երևանում: Հարությունյանը չեղարկեց այդ հանդիպումը՝ պատճառաբանությամբ, իհարկե, որ համանախագահների կազմը ամբողջական չէ: Ըստ էության, կարող ենք ենթադրել, որ ուղերձի ժամանակ Արցախի նախագահը կմանրամասնի, թե հատկապես ինչն էր նրան խանգարում այդ «ոչ ամբողջականության» հարցում, որ, օրինակ, չէր խանգարում Նիկոլ Փաշինյանին և անգամ Իլհամ Ալիևին, որոնց հետ հանդիպել են համանախագահները: Այդ ինչո՞վ էր Արցախի նախագահը իր կարգավիճակը համարում առանձնահատուկ՝ հրաժարվելով «առանց ռուս համանախագահի» հանդիպումից: Հատկապես, որ հանդիպումներում ռուսական կողմը մասնակցել է Հայաստանում և Բաքվում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների մակարդակով:
Իր ուղերձում Արցախի սուբյեկտության, Արցախի կարգավիճակի հարցապնդման մասին խոսող Արայիկ Հարությունյանը, սակայն, չմանրամասնեց, թե որն է «ոչ ամբողջական կազմի» խնդիրը, առավել ևս այն դեպքում, երբ հենց Արցախի կարգավիճակի հարցը բարձրաձայնող երկրների համանախագահներն էին ժամանել ռեգիոն՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիա: Հենց նրանք են առնվազն բարձրաձայնել այն օրակարգը, որ նաև իր ուղերձում շեշտում էր Արցախի նախագահը: Եվ այդ հանգամանքը առավել քան տարօրինակ է դարձնում հանդիպումից նրա հրաժարումը: Մյուս կողմից՝ հնարավոր է, որ Արայիկ Հարությունյանի դեմարշի խորքային պատճառը Արցախում իր քաղաքական ղեկավարության հեռանկարն է կամ այլ կերպ ասած՝ իշխանությունը հանձնելու հանգամանքը: Դեկտեմբերի 16-ի ուղերձի առումով տեղի ունեցավ մի ուշագրավ փոփոխություն: Արցախի նախագահը նախ տարածել էր տարբերակ, որտեղ խոսում էր իր հեռանալու մասին, սակայն այն բանից հետո, երբ կհաղթահարվեն խորհրդարանական և նախագահական ընտրությունների հետ կապված բարդությունները: Անորոշ այդ ձևակերպմանը կարճ ժամանակ անց փոխարինեց տարբերակ, որտեղ նա խոսում է «ողջամիտ ժամկետում» արտահերթ ընտրության և քաղաքականությունից իր հեռանալու մասին:
Ըստ ամենայնի Հարությունյանին չի հաջողվել լուծել իր քաղաքական իշխանության հեռանկարի հարցը, որի համար, ըստ մամուլի տեղեկությունների, նա մեկնել էր Մոսկվա: Եվ քանի որ շոշափելի ապագայում նա հեռանալու է իշխանությունից, ըստ ամենայնի այդ պատճառով էլ հրաժարվել է հանդիպել Մինսկի խմբի համանախագահների հետ, քանի որ այդ առումով էլ անիրատեսական է, թե «ողջամիտ ժամկետում» խումբը կվերականգնի արցախյան գործընթացում իր առանցքային դերակատարումը և գործընթացը կտեղափոխի իր դաշտ:
Անդրանիկ Կիրակոսյան