ՀՀ անատամ դիվանագիտությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՕրերս Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՀՀ ԱԳ նախարարա Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հարավային Կովկասը հակասությունների ռեգիոնից կվերածվի կայունության և ծաղկման ռեգիոնի, և Ռուսաստանը կանի այդ ուղղությամբ անհրաժեշտը: Հետաքրքիր է՝ ասե՞լ է այդ առնչությամբ անհրաժեշտը Այվազյանը Լավրովին, մանրամասն հայտնի չէ: Այվազյանն, իհարկե, ասել է կարևոր բաներ, օրինակ ռեգիոնից Թուրքիայի զինյալ ահաբեկիչներին հեռացնելու անհրաժեշտության, Արցախի օկուպացված տարածքների, դրանք ահաբեկիչներով ու վարձկաններով բնակեցնելու թուրքական պլանների մասին: Սակայն իրականում պարզ չէ, թե այդ ամենին ինչպես է արձագանքել Սերգեյ Լավրովը: Կամ, ավելի շուտ, Լավրովի արձագանքը բավական պարզ է հենց հակասությունների փոխարեն կայուն ու ծաղկուն ռեգիոնի մասին նրա հայտարարությունից: Ավելին, մարդը նույնիսկ ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի հետ չունեն սկզբունքային անհամաձայնություն:
Մինչդեռ, խնդիրները, որոնք բարձրացնում է Երևանը, սկզբունքային են հայկական անվտանգության և շահի տեսանկյունից: Հարց է առաջանում․ ի՞նչ քննարկումներ են եղել ծաղկուն ու կայուն ռեգիոնի լավրովյան պատկերացումների շուրջ: Եթե այդտեղ մնացել է բաց, ապա բացը լրացրեց Բաքուն՝ Լավրովի հայտարարությունից հետո համացանցում հայտնվեց հերթական տեսանյութը, թե ադրբեջանցի զինվորներն ինչպես են կտրում հայ ծերունու կոկորդը: Ըստ ամենայնի՝ խոսելով ծաղկուն ռեգիոնի մասին, Սերգեյ Վիկտորովիչը նկատի ունի վայրենության, հակամարդկային հատկանիշների և որակների ծաղկման հանգամանքը: Այդ իմաստով, Լավրովի բնորոշմամբ ռուս-թուրքական՝ սկզբունքային անհամաձայնությունից զերծ գործընկերությունը անշուշտ տվել է իր արդյունքը: Թուրքիան ռեգիոնը բնակեցնում է զինյալներով, ահաբեկիչներով, որոնց վարքաբանության ապացույցները վաղուց ի վեր ողողում են համացանցը մերձավորարևելյան տեսագրություններով, և դրանց այժմ գրեթե ամենօրյա ռեժիմով ավելանում են կովկասյան տեսագրությունները:
Անդրանիկ Կիրակոսյան