Տարօրինակ «ռասկլադ»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի թեժ ներքաղաքական կյանքում հաճախակի տրվող ու քննարկվող հարցերից մեկն է. վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնա՞լն է վտանգավոր հայկական պետականության համար, թե՞ մնալը: Այդ հարցը իրականում չունի պատասխան, որովհետև այդ հարցի ստույգ պատասխանի համար պետք է ունենալ իրավիճակի նույնքան ստույգ գնահատական թե արտաքին, թե ներքին դաշտում իրողությունների վերաբերյալ: Խոսքը նոյեմբերի 9-ի համաձայնագրի և դրանից բխող հնարավոր հավելյալ պայմանավորվածությունների մասին է, որ հարցեր է առաջացնում արտաքին դաշտի առնչությամբ, և խոսքը այդ ամենի, հնարավոր սցենարների և դրանցից բխող դիտարկումների մասին է, որը հարցեր է առաջացնում ներքին դաշտում գործող ուժերի դիրքորոշումների վերաբերյալ:
Հետևաբար, արդիական է ոչ թե Նիկոլ Փաշինյանի գնալու կամ մնալու հարցը, գնալն է ճիշտ կամ վտանգավոր, թե մնալը հարցադրումը, այլ վտանգավոր է այն, որ ներքաղաքական իրողություններում բացակայում են կոնկրետ և առարկայական քննարկումները, բացակայում է բովանդակությունը, թե ինչի հետ է գործ ունենալու հանրությունը հնարավոր իշխանափոխության, դրա անցումային փուլի պարագայում: Երբ պատասխաններ չկան այստեղ, չի կարող պատասխան լինել հարցին՝ Փաշինյանի գնալն է վտանգավոր, թե մնալը, կամ՝ երբ գնալը, մինչև երբ մնալը, և այլն:
Այն, որ Հայաստանում նոր իշխանության ձևավորումը դարձել է ժամանակի անխուսափելի հրամայական, վեր է կասկածից: Ամբողջ հարցն այն է, թե բացի նոր իշխանության հարցից, ներքին քաղաքական «դիսկուրսում» նոր էլ ի՞նչ իրողության հարց կարող է քննարկվել: Առավել ևս այն պարագայում, որ հավակնորդ ուժերը, կարծես թե իրենց վրա ստանձնում են միայն, այսպես ասած, ներքին կառավարման արդյունավետության պատասխանատվություն: Սա շատ լավ է, անշուշտ, երկրի կառավարելիության արդյունավետությունը էապես և հնարավորինս արագ, նույնիսկ կտրուկ բարձրացնելը, սակայն դա իր առանցքային կարևորությամբ հանդերձ բավարար չէ պետական հեռանկարի համատեքստում:
Անդրանիկ Կիրակոսյան