«Լուսավորը» փո՞ւռն է տալիս ընդդիմությանը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱյս օրերին հայաստանյան ընդդիմադիր դաշտն իր գլխավոր հակառակորդը համարում է Նիկոլ Փաշինյանին, սակայն այդպես էլ չի հասկացել, որ իր նպատակներին հասնելու բոլորովին այլ խոչընդոտ ունի իրականում, որը գուցե կառավարվում է Փաշինյանի կողմից, բայց իրականում հանդես է գալիս ընդդիմադիրի դիմակի տակ և ամենավճռական պահերին իրականացնում է իշխանությունների ծրագիրը՝ խանգարելով երկրի զարգացմանը կամ այն գործընթացներին, որոնք կնպաստեին երկրի զարգացմանը։ Խոսքը «Լուսավոր Հայաստան»-ի մասին է՝ ԱԺ-ում իր ունեցած 17 մանդատով։ Շատերը մատների արանքով նայեցին այն փաստին, որ Էդմոն Մարուքյանը նպաստեց ՍԴ կազմալուծելու և ՍԴ երեք անկախ ու անկաշառ անդամներին իշխանական դատավորներով փոխարինելու գործընթացին։
Բոլորի մոտ այնպիսի տպավորություն էր, որ ՍԴ-ն կազմաքանդեց Նիկոլ Փաշինյանը՝ այնտեղ տեղավորելով իր համար ընդունելի ու իր կողմից կառավարելի դատավորներին, որոնք հետագայում համապատասխան ծառայություններ կմատուցեն, ինչպես մատուցեցին օրերս՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումները մերժելով։ Իրականում այդ պրոցեսի «պապան» ոչ թե Նիկոլ Փաշինյանն էր, այլ Էդմոն Մարուքյանը՝ իր թիմով, որը նպաստեց գործընթացին և չմիացավ ԲՀԿ դիմումին՝ այդ փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու համար։ Ըստ էության՝ հիմա եկել է ավելի վճռական պահ՝ Փաշինյանին և գործող իշխանություններին ծառայություններ մատուցելու։ ԼՀԿ-ն այդպես էլ հստակ չմիացավ 17 ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնած գործընթացին։ Ճիշտ է՝ խոսքով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն երեկ, երբ ընդդիմությունը հրապարակեց իր միասնական թեկնածուի անունը, հերթական անգամ ԼՀԿ-ն ընտրեց «երրորդ ճանապարհը»՝ դավաճանելով ընդդիմությանը և կասեցնելով վարչապետի հրաժարականի գործընթացը։
Բանն այն է, որ այսօր ամենառեալ ուղին՝ հասնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելն է, որի համար հարկավոր է 66 ձայն և եթե անգամ ընդդիմության 44-45 ձայնին հնարավոր լինի միացնել այն պակասող 22 ձայնը՝ «Իմ քայլը» 88 հոգանոց խմբակցությունից պոկելով պակասող ձայները, ապա առանց Լուսավորի ձայների այդ գործընթացը սկսելն իսկ անիմաստ է։ Փաստացի, այս պարզ ճշմարտությունն իմանալով, ԼՀԿ-ն նախօրեին՝ ընդդիմության կողմից Վազգեն Մանուկյանի անունը հրապարակելուն պես հանդես եկավ հայտարարությամբ, որ իրենց՝ վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ Պարզ է, որ Մարուքյանի շանսերը՝ վարչապետ ընտրվել՝ թեկուզ մեկ օրով, զրոյական են, բայց այստեղ խնդիրը ընտրվելը չէ, այլ գործող իշխանություններին հերթական ծառայությունը մատուցելը՝ խոչընդոտելով իշխանափոխության պրոցեսին։
Անդրանիկ Կիրակոսյան