Երբ թիրախում եկեղեցին է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱպացուցման կարիք չունի, որ հայ եկեղեցական կառույցները, եկեղեցականները՝ իրենք, մեր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ միշտ ունեցել են չեզոք դիրքորոշում։ Նրանք բավականաչափ լայնախոհ են եղել՝ չխառնվելու հոգևոր դաշտից դուրս տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, և նրանց այդ պահվածքը միշտ եղել է հանուն պետականության, հանուն ազգի, հանուն հայրենիքի։ Նույնիսկ այն դեպքերում, երբ աշխարհիկ զանազան ապազգային կամ հակազգային ուժերի կողմից ոտնահարվել են եկեղեցու և բարձրաստիճան եկեղեցականների իրավունքները, սահմանափակվել են մարդկային ազատությունները, նրանք դարձյալ գերադասել են չարձագանքելու եղանակով լիքցքաթափել լարվածությունը։ Փորձենք հիշել, թե երկու-երկուսուկես տարի առաջ, ինչ ոտնձգություններ էին կատարվում Հայ առաքելական եկեղեցու և կաթողիկոսի հանդեպ, հիշենք նաև դրանք կատարող ու սատարող անձանց անունները, ովքեր հետո իշխանությունների կողմից պարգևատրվեցին զանազան պաշտոններով։ Եվ վերստին արձանագրենք՝ եկեղեցին խոհեմաբար անհաղորդ մնաց իրեն սադրելու միտված գործողություններին։
Եկեղեցու բողոքը և ընդվզումն ուղղակի կերպով չարտահայտվեց նույնիսկ այն ժամանակ, երբ ԿԳՄՍ նախարարության ապազգային ղեկավարության կողմից հայ մանուկների կրթությունից ցանկացան օտարել Հայ եկեղեցու պատմությունը՝ ուսումնական այդ առարկան ծրագրերից դուրս հանելու կամ երկրորդական թեմաների վերածելու եղանակով։ Ճիշտ է, եղավ հոգևոր խորհրդի հորդորական բնույթի մի հայտարարություն, ուրիշ ոչինչ։ Եվ հայ եկեղեցու այս խոհեմ կեցվածքի ֆոնին այսօր որոշ եկեղեցական կառույցների և բարձրաստիճան եկեղեցականների պահվածքը կարելի է ասել ոչ միայն ավանդական չէ, այլև աննախադեպ է, ինչպես նաև՝ բնութագրական գործող իշխանությունների ապազգային ընթացքի նկատմամբ արդեն հոգևոր դաշտի ուղղակի ընդվզման տեսանկյունից։
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի «պարականոն» վարքը իշխանությունների խորագույն զարմանքն է հարուցել՝ այնչափ, որ որոշել են սրբազանին հրավիրել ԱԱԾ։ Իսկ մարդն ընդամենը ֆեյսբուքյան էջում պահանջել է վարչապետի հրաժարականը: Գրառման հեղինակը ո՛չ զինված մարդկանց է կոչ արել՝ պատժելու ինչ-որ ներքին թշնամիների, ո՛չ էլ հրահրել բախումներ ու անկարգություններ, այլ ընդամենը հրաժարական է պահանջել։ Եվ նրան կանչել են ԱԱԾ։ Հենց լոկ այս փաստի մեջ մեր տխեղծ իրականության ողջ փչացածությունն է, այլասերվածությունը, քաղաքական սնանկությունը եւ մեկ անձի իշխանության համավարակը։
Անդրանիկ Կիրակոսյան