Բաքուն և Մոսկվան կաջակցե՞ն Թեհրանին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՕրերս հայտնի դարձավ, որ Իրանի արտաքին գործերի նախարարը նոյեմբերի 23-ին այցելելու է Մոսկվա: Նա լինելու է նաև Բաքվում: Ջաֆար Զարիֆը կքննարկի արցախյան գոտում ստեղծված իրավիճակը: Իրավիճակն Իրանի համար բավական հակասական է: Իրանի հյուսիսային սահմանին նոր իրավիճակ է, բայց ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերակցության, այլ ռուս-թուրքական: Ի՞նչ պայմաններով ու աշխարհագրությամբ է տեղակայվելու Թուրքիայի ռազմական կոնտինգենտն այն բանից հետո, երբ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանից ստացել է Ադրբեջան զորք ուղարկելու համաձայնություն:
Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թեհրանը հետևում էր, թե ինչպես է Արաքսի հովիտն անցնում Թուրքիա-Ադրբեջան-ահաբեկիչներ եռյակի ենթակայության տակ: Թեհրանը, ըստ ամենայնի, ակնկալում է Մոսկվայի և Բաքվի աջակցությունն Արաքսի հովտի հարցում, որովհետեւ այնտեղ կարող է հաստատվել Թուրքիան, ինչպես հաստատվել է Նախիջևանում: Իրանը մեծ քանակի սպառազինություն ու զինտեխնիկա է մոտեցրել հյուսիսային սահմանին: Ռուսաստանի պաշտոնյաները հայտարարում են, որ Մոսկվան, Բաքուն և Թեհրանը կարող են համագործակցել ահաբեկիչներին տարածաշրջանից հեռացնելու հարցում:
Ինչո՞վ է Թեհրանը շահագրգռելու Բաքվին: Գուցե Խուդաֆերինի ջրամբարի հարցո՞վ: Առավել ևս, որ դեռեւս 2016-ի փետրվարին՝ երբ տարածքը հայկական վերահսկողության գոտում էր, Թեհրանը եւ Բաքուն Ալիևի իրանյան այցի ընթացքում ստորագրեցին համատեղ օգտագործման փաստաթուղթ: Այն, ըստ էության, դարձավ 2016-ի ապրիլյան ադրբեջանական ագրեսիայի «լեգիտիմացման» թղթերից մեկը: Կմտածե՞ր Թեհրանը, որ ոչ այնքան մեծ հեռանկարի համար կանգնելու էր սեփական սահմանին ռազմավարական սպառնալիքի առջև:
Անդրանիկ Կիրակոսյան