Ծանոթ ու միաժամանակ անհայտ` դպրոցական օրագիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴպրոցական օրագիրը բազում սերունդների աշակերտների համար եղել է անփոխարինելի ուղեկից: Մեր պապերն ու տատերն էլ են օգտագործել այն այնպես, ինչպես օգտգործում են ժամանակակից դպրոցականները: Իսկ ո՞րն է դպրոցական օրագրի պատմությունը, ինչպես է այն հայտնվել և ինչպես է այն փոխվել ժամանակի ընթացքում: Անմիջապես պետք է ասել, որ միջնադարի և նմանապես հնագույն դարաշրջանի սովորողները դպրոցական օրագրեր չեն ունեցել: Դպրոցական կրթության այս կարևոր փաստաթուղթն առաջին անգամ հայտնվել է 19-20-րդ դարերում Ռուսական կայսրությունում, և այն առաջին անգամ օգտագործել են զեմսոյ դպրոցների գիմնազիաների սաները: Հետաքրքիր է այն, որ Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում այդ ժամանակ դպրոցական օրագրեր չեն եղել, այնուամենայնիվ նշենք, որ դրանք այդ երկրներում հիմա էլ շատ տարածված չեն: Առաջին դպրոցական օրագրերն իրենց մեջ պարունակել են տարբեր հետաքրքիր տեղեկություններ՝ տարբեր երկրների դրոշներ, եկեղեցական արձակուրդների և ծոմապահության օրացույցներ, այդ ժամանակաշրջանում տարածված հիվանդությունների ցանկ և դրանց բուժման մեթոդներ, և նույնիսկ մի ամբողջ հատված նվիրված ցարական ընտանիքին:
Օրագրից կարելի էր իմանալ նրա տիրոջ մասին բազմաթիվ տվյալներ՝ ընդհուպ մինչև կոշիկի չափը, հասակը, սիրելի գրողը և այլն: Այն նաև պարունակել է սովորական դպրոցական օրագրին բնորոշ դասաժամերի ժամանակացույցը: Հետաքրքիր փաստ է այն, որ գիմնազիաների սովորողների նախահեղափոխական օրագրերում շաբաթները սկսվել են ոչ թե երկուշաբթիից, այլ կիրակիով: Եվ, իհարկե, օրագիրը պարունակել է նաև ժամանակակից օրագրերին ծանոթ տեղեկությունները՝ դասաժամերը, գնահատականները և այլն: 1917 թվականի բոլշևիկյան հեղաշրջումից հետո դպրոցական օրագրերի հիմնական բնութագրիչները ու նպատակները մնացել են նույնը, սակայն, իհարկե, անհետացել է թագավորական ընտանիքի և եկեղեցական տոների մասին բաժինը, ինչպես և այն այլ տեղեկությունները, որոնք առկա են եղել նախահեղափոխական օրագրերում: Խիտ ստվարաթղթե ծածկով խորհրդային ժամանակաշրջանի առաջին դպրոցական օրագրերը եղել են հնարավորինս խիստ և պաշտոնական, այնտեղ չեն եղել նկարներ և գունավոր էջեր: Օրագրի բոլոր էջերը համարակալվել են այնպես, որ սովորողը հնարավորություն չունենա էջ պոկել:
Քսաներորդ դարի երկրորդ կեսին դպրոցական օրագրերը որոշ չափով փոխվել են, նրանք ստացել են ուսուցչի կողմից գրառումների համար նախատեսված, «սոցիալական- օգտակար աշխատանք», «պրակտիկա», «ՊԱՊ համալիր» բաժիններ, իսկ շապիկի հետևին սկսել են տպել ԽՍՀՄ-ի հիմնը կամ հայրենասիրական բնույթի բանաստեղծություններից հատվածներ: Իսկ 1980-ականներին այս կարևոր դպրոցական փաստաթղթի նկատմամբ վերաբերմունքը ավելի ազատական է դարձել, օրագիրը դադարել է լինել զուտ պաշտոնական փաստաթուղթ: Հնարավոր է դարձել օրագրին գունավոր պիտակներ կպցնել, ծաղիկներ նկարել էջերին և այլն: Մինչև Խորհրդային Միության փլուզումը, դպրոցական օրագիրը աշակերտի պարտադիր իրն է եղել, իսկ նրա բացակայության պատճառով անգամ նրան կարող էին հեռացնել դպրոցից: Ներկայումս օրագիրը այլևս այնքան էլ պարտադիր չէ, և դպրոցական օրագրերի նկատմամբ վերաբերմունքը էլ ավելի է ազատականացել: Ժամանակակից դպրոցական օրագիրն այժմ, նախևառաջ, նպատակ ունի փոխանցելու սովորողի անհատականությունը, այն գեղագիտորեն մշակված արտադրանք է իր յուրօրինակ ձևավորմամբ, կազմով և ներքին բովանդակությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը